Բրազիլական Սան-Պաուլու քաղաքում անցնող շախմատային «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլի երկրորդ պարտիայում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի հետ: Անանդ-Արոնյան պարտիան երեկ ամենից շուտն ավարտվեց՝ Երևանի ժամանակով մինչև կեսգիշեր, իսկ ահա Ֆրանսիսկո Վալյեխո-Մագնուս Կառլսեն և Սերգեյ Կարյակին-Ֆաբիանո Կառուանա պարտիաներն ավելի երկար ձգվեցին: Երկու դեպքում էլ սևերը կարողացան առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:
Համաշխարհային վարկանիշի առաջին համար նորվեգացի Մագնուս Կառլսենը, փաստորեն, վերականգնվեց երեկ իտալացի Կառուանայից կրած պարտությունից հետո, իսկ ահա Կառուանան իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Նշենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, իսկ ոչ-ոքիի համար՝ 1:
Այսպիսով, երկու տուր հետո առաջատարը Կառուանան է՝ 6 միավոր, երկրորդ տեղում է Լևոն Արոնյանը՝ 4 միավոր, երրորդը Կառլսենն է՝ 3 միավոր, չորրորդը՝ Անանդը՝ 2 միավոր: Իսպանացի Վալյեխոն ունի 1 միավոր, իսկ Կարյակինն առայժմ ոչ մի միավոր չի վաստակել:
«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին փուլն անցնում է Բրազիլիայում սեպտեմբերի 24-ից 29-ը, իսկ երկրորդ փուլը իսպանական Բիլբաոյում՝ հոկտեմբերի 8-ից 13-ը: