«Արմավիա» ընկերությունը վաճառքի է հանել իր բաժնետոմսերի մի մասը, և այժմ բանակցություններ է վարում մեկ իտալական, ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների հետ՝ որոշելու համար, թե ում են վաճառելու «Արմավիայի» բաժնեմասը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: Նա որևէ ընկերության անուն չի նշել՝ ասելով, որ հանրությունը կտեղեկացվի, երբ գործարքը կայանա: Ավետիսովան նաև չի ասել, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը:
Epress.am-ի տեղեկություններով՝ իտալական ընկերության ներկայացուցիչներն արդեն մեկ ամիս է ուսումնասիրում են «Արմավիայի» ֆինանսական փաստաթղթերը և բանակցում են վաճառքի շուրջ:
Նշենք, որ իր այսօրվա համարում հնարավոր վաճառքի մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը: Թերթի հետ զրույցում ընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովի խորհրդական Ժասմեն Վիլյանը նույնպես չէր հերքել հնարավոր վաճառքի մաիսն լուրը. «Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես, նա այդպիսի քաղաքականություն ունի` զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն և վաճառել»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության սպասարկումը պարտքերի պատճառով, սակայն հետո ժամանակավորապես կրկին ընձեռել էր օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հնարավարությունը: