Home / Տեսանյութեր / Ընտրությունների նախաշեմին վրացական ընդդիմությունը մեղադրվում է քրեական աշխարհի հետ կապի մեջ

Ընտրությունների նախաշեմին վրացական ընդդիմությունը մեղադրվում է քրեական աշխարհի հետ կապի մեջ

Վրացական դատախազությունը Ֆրանսիական ոստիկանության կողմից ստացված նյութերի հիման վրա սկսում է հետաքննել մեղադրանքներն այն մասին, որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակն ապահովելու համար քրեական հեղինակությունների հետ համաձայնագիր են կնքել, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:

Նշենք, որ Վրաստանում Խորհրդարանական ընտրությունները կկայանան 2012-ի հոկտեմբերի 1-ին:

Վրաստանի դատախազությունը լուսանկարներ և տեսանյութեր է տարածել, որոնցում երևում է, ինչպես է նախկին նախարար, ռեժիսոր և Վրաստանի ներկայիս իշխանությունների քննադատ Գեորգի Խաինդրավան հանդիպում վրացի քրեական հեղինակությունների խմբի հետ նախորդ տարվա նոյեմբերին օրենքով գող Ռևազա Լորտկիպանաձեի Ֆրանսիայի հարավում գտնվող տանը:

Գեորգի Խաինդրավա

«Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի կողմից ներկայացված պաշտոնական նյութերի համաձայն, վրացական ընդդիմության ներկայացուցիչների և միջազգային հանցագործ խմբավորման գլխին կանգնած օրենքով գողերի միջև համաձայնություն է կնքվել, որը նպատակ ուներ ապակայունացնել իրավիճակը և բռնի գործողություններ հրահրել Վրաստանում, վերականգնել օրենքով գողերի ազդեցությունը և «Մխեդրիոնիի» (1990-ականներին Վրաստանում գործող զինված խմբավորում)նման հանցավոր խմբավորումներ ստեղծել»,-երեքշաբթի հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրտազ Զոդելավան:

«Սույն գործի կապակցությամբ իրավապահները բնականաբար ինտենսիվ հետաքննություն են անցկացնում»,-հավելել է Զոդելավան:

Իշխող կուսակցությունը, որն իր կարևորագույն ձեռքբերումներից է համարում քրեական և հանցավոր աշխարհի դեմ պայքարը, բազմիցս ընդդիմադիրներին մեղադրել է Վրաստանին իր անցյալը վերադարձնելու փորձի մեջ:

Դատախազության ներկայիս մեղադրանքներին նախորդել էին ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են կեղծ տեղեկություններ տարածել ընդդիմության մասին: