Home / Հայաստան / ՀԱԿ-ը կատարում է խոստումը. դիմելու են ԱԺ-ին մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու համար

ՀԱԿ-ը կատարում է խոստումը. դիմելու են ԱԺ-ին մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու համար

Հայ Ազգային Կոնգրեսը, կատարելով նախընտրական շրջանում տված խոստումը, որոշում է կայացրել ԱԺ-ում բարձրացնել մարտի 1-2-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը:

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին է ներկայացրել նախագծի հիմնական կետերը:

Կոնգրեսի նախագծում նշվում է, որ մինչ օրս բացահայտված չեն Երևան քաղաքում մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, բացահայտված չեն նաև հարյուրից ավելի հրազենային, գնդակային ու բեկորային և այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը:

«Թեև սպանությունների և մարմնական վնասվածքների հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցված ու կարճված չեն, սակայն դրանցով որևէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի արդյունքում սպանվածների իրավահաջորդները, ծանր վնասվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիները մինչև օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից և չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում», – նշում է ՀԱԿ-ը՝ ընդգծելով, որ սա հիմք է հանձնաժողով ստեղծելու համար:

Ներկայացնելով որոշման նախագծի հաջորդ կետը՝ Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ մինչև օրս կատարված չեն ԵԽԽՎ բանաձևերի, մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ և վստահելի հետաքննություն անցկացնելու, մահվան բոլոր դեպքերը բացահայտելու Հայաստանին ուղղված պահանջները:

Գագիկ Ջհանգիրյանը նաև ասել է, որ այս հանձնաժողովը բովանդակային առումով տարբերվելու է նախկինում գործող Մարտի 1-ի հանձնաժողովից, որը գլխավորում էր ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը:

Նախագծի մեջ նաև նշված է, որ հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի հարցումներով դիմել պետական և Տեղական Ինքնակառավարման մարմիններին, այդ թվում հետաքննության և նախաքննության մարմիններին, ՀՀ Գլխավոր դատախազությանը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ:

Հանձնաժողով ստեղծելու մասին նախագծով ՀԱԿ-ը Ազգային ժողովին կդիմի գալիք օրերին: