Չելյաբինսկի շրջանում ձերբակալվել է հայտնի մոսկվացի լրագրող և ռադիոհաղորդավար Սերգեյ Ասլանյանի վրա իրագործված հարձակման մեջ կասկածվող տղամարդը: Վերջինս ծագումով Ղրղզստանից է: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները տղամարդուն կարողացել են բերման ենթարկել հանցագործությունից շուրջ 4 ամիս անց, հայտնում է Newsru.com-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին անհայտ տղամարդը շքամուտքի խոսակցասարքով զանգահարել էր Ասլանյանին և խնդրել դուրս գալ տանից` զրուցելու համար: Երբ լրագրողը դուրս էր եկել մուտքից, հանցագործը հարձակվել էր նրա վրա: Նա ծանր առարկայով հարվածել էր լրագրողի գլխին և դանակի չներթափանցող մոտ 15 հարված էր հասցրել կրծքին, պարանոցին և ձեռքին, միաժամանակ հանցագործը հայտարարել էր «Դու Ալլահի թշնամին ես»: Լրագրողին թողնելով այդ վիճակում՝ տղամարդը փախուստի էր դիմել:
Ասլանյանն ինքն էր ոստիկանություն զանգահարել, իսկ այնուհետև հիվանդանոց տեղափոխվել: Կասկածներ կային, որ հարձակումը պայմանավորված էր Ասլանյանի կողմից Մուհամեդ Մարգարեի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններով:
Հետաքննիչները պարզել էին, որ ենթադրյալ հանցագործին հաջողվել է լքել Ռուսաստանի տարածքը և թաքնվել Ղրղզստանում: Սակայն վերջերս իրավապահները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կասկածյալը անձնական գործերով Չելյաբինսկի շրջան է եկել: Անցած հանգստյան օրերին նա ձերբակալվել է:
«Կասկածյալը խոստովանել է, որ տուժողի հեռախոսահամարն ու հասցեն գտել է համացանցում: Իսկ սովորական տնտեսական մկրատը, որով հարվածներ է հասցրել լրագրողին, ձեռք է բերել դեպի հանցագործության վայր տանող ճանապարհին պատահած խանութից»,-պատմել է քրեական հետախուզման ներկայացուցիչը: Հանցագործության դրդապատճառները ոստիկանությունը դեռևս չի հայտնում:
Ի սկբզանե կարծիք կար, որ Ասլանյանի վրա հարձակումը կապված է մայիսին տեղի ունեցած սկանդալի հետ: Մայիսի 14-ին «Մայակ» ռադիոկայանի ուղիղ եթերում Ասլանյանը Մուհամեդ Մարգարեի մասին որոշակի արտահայտություններ էր արել, որոնք ունկնդիրներին վիրավորական էին թվացել: Լրագրողը Մուհամեդին համեմատել էր գործարարի հետ և հայտարարել, որ վերջինս արտագրել է Ավետարանը իրեն շահեկան ձևով:
Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մի խումբ մահմեդականներ նամակ էին գրել ՌԴ գլխավոր դատախազություն` հայտարարելով, որ խորապես վիրավորված են հաղորդումից: