Այսօր Եգիպտական «Ալ-Վաթան» պարբերականը հայտարարել է Մուհամեդ Մարգարեին վիրավորող ծաղրանկարի դեմ սկսված արշավի մասին: Հիշեցնենք, որ Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը վերջերս Մուհամեդ Մարգարեին պատկերող ծաղրանկարներ էր հրապարակել:
Ի պատասխան ֆրանսիական շաբաթաթերթին՝ «Ալ Վաթանը» 12 էջանոց համարում 13 նկարներ է տպագրել, որոնք վերնագրված են որպես «Ծաղրանկարների պայքարը ծաղրանկարների դեմ»:
Դրանցից մեկում, օրինակ, պատկերված են ակնոցներ, որոնցում երևում են կրակի մեջ բռնկված Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնների երկվորյակ աշտարակները, որոնք մահմեդականների ահաբեկչության թիրախն էին դարձել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Նկարին ուղեկցում է հետևյալ գրառումը. «Արևմուտքի հայացքն իսլամական աշխարհին»: Մեկ այլ նկարում արևմտյան արտաքինով տղամարդը ագրեսիվ մորուքավոր տղամարդուն մեղադրում է ահաբեկչության մեջ, սակայն հանկարծ հասկանում է, որ իր հակառակորդը իսրայելցի է, և ծաղիկներ է նվիրում նրան:
Համարում բացի ծաղրանկարներից տեղ են գտել նաև եգիպտացի աշխարհիկ քաղաքագետների և իսլամի ռադիկալացման դեմ հանդես եկող հոգևորականների ներկայացուցիչների հոդվածները:
«Ալ-Վաթանը» ընդդիմադիր պարբերական է համարվում, որը դեմ է երկրի նոր նախագահ Մոհամեդ Մուրսիին և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած «Մահմեդական եղբայրներ» քաղաքական շարժմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ֆրանսիական Charlie Hebdօ պարբերականը հրապարակել էր Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները, որոնցից մի քանիսում Մարգարեն մերկ է: Այս հրապարակումից հետո մի շարք երկրներում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Ֆրանսիայի դեսպանատների մոտ:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ում նկարահանված և համացանցում տարածում գտած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որը հավատացյալները վիրավորական էին որակել, մի շարք արաբական երկրներում Ամերիկյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների պատճառ էր դարձել: Իսկ սեպտեմբերի 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել էր դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի երեք աշխատակիցներ: