Հավատացյալների զգացմունքները վիրավորելու և սրբությունները պղծելու դեպքում քրեական պատիժ սահմանելու մասին օրինագիծը ՌԴ Պետդումա է մտել քննարկման համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նման հանցագործությունների համար առավելագույն պատիժ կարող է սահմանվել 3 տարվա ազատազրկումը: Կարող է նաև սահմանվել տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ 200 ժամ պարտադիր աշխատանքներ:
Առավել խիստ պատիժ է սահմանվում սրբապատկերների և սրբավայրերի կամ նման օբյեկտների պղծման դեպքերի համար: Այսպիսի գործողությունների դեպքում 5 տարվա ազատազրկում կամ 500 հազար ռուբլու չափով տուգանք է սպառնում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, սրբությունների պղծման համար քրեական պատիժ սահմանելու մասին գաղափարը պաշտոնյաների կողմից առաջարկվել էր սկանդալային Pussy Riot փանկ խմբի գործի քննման ընթացքում: Աղջիկները Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «փանկ աղոթք» էին կատարել՝ խնդրելով Աստվածամորը վտարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Աղջիկները նաև վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել Մոսկվայի և Համայն Ռուսյո պատրիարք Կիրիլի վերաբերյալ, ով նախագահական ընտրությունների ընթացքում բացահայտ պաշտպանում էր Վլադիմիր Պուտինին: ՌԴ օրենսգրքում սրբությունների պղծման մասին օրենքի բացակայության պայմաններում խմբի անդամներ Եկատերինա Սամուցևիչը, Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան երկուական տարվա ազատազրկման էին դատապարտվել: