ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ վեհաժողովին, այդ իսկ պատճառով այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորների հարցերին պատասխանել են փոխնախարարներ Աշոտ Հովակիմյանը և Շավարշ Քոչարյանը: Վերջինս խնդրում էր հարցերն արագ տալ, քանի որ ուշանում էր ինքնաթիռից, պետք է մեկներ Յալթա: Եվ Քոչարյանը, և Հովակիմյանը ամբողջությամբ հարցերին չէին պատասխանում՝ հաճախ նշելով, որ կճշտեն և հետո տեղեկություն կտարմադրեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե քանի մարդ է ստացել երկքաղաքացիություն, սակայն փոխնախարար Հովակիմյանը նշել է, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում, ինչին Մանուկյանը արձագանքել է, թե նա պետք է քնած ժամանակ նույնիսկ պատասխաներ այդ հարցին:
Փոխնախարարն ասել է, որ չի կարող քնած ժամանակ պատասխանել, քանի երկքաղաքացի ունի Հայաստանը, որովհետև սա բուն հյուպատոսական վարչության գործառույթ է:
«Հինգերորդ նիստն է, որ մասնակցում եմ, հինգ տարբեր զեկուցողներ են եղել և ասեմ, որ պատասխանատու չեն մոտենում՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելով: Չգիտեմ իներցիան է, թե չէ, բայց Շավարշ Քոչարյանին էլ այս նույն բանը ասվեց. ախր, բյուջեի կատարողականը դուք բացված՝ տասը ձևով ներկայացված մուտքերն ու ելքերը պետք է ձեր ձեռքի տակ ունենաք, որպեսզի գաք այստեղ, ցանկացած հարցի պատասխանեք: Եվ ոչ միայն ձերն է այդպես, բոլորն էլ այդպես են՝ անպատասխանատու: Այսպես կանցնենք, բովանդակային ելույթներ կունենանք, կներկայացնենք՝ ինչ ենք արել, այստեղից էլ մի երկու հոգի շնորհակալություն կասի, կասեն՝ ինչ ծանրաբեռնված աշխատում եք ու պրծնենք: Էս ձև չի: Ցանկացած բովանդակության տակ թիվ պիտի լինի, թվի տակ բովանդակություն», – փոխնախարարին այսպես է հակադարձել Արամ Մանուկյանը: