Home / Հայաստան / «Համերկրացիներ» ծրագրում փոփոխությունները կխթանե՞ն հայաստանյան արտագաղթը. ՀՀ կառավարությունը չի արձագանքում

«Համերկրացիներ» ծրագրում փոփոխությունները կխթանե՞ն հայաստանյան արտագաղթը. ՀՀ կառավարությունը չի արձագանքում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել «Համերկրացիներ» պետական ծրագրի վերաբերյալ՝ այն դարձնելով անժամկետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այդ ծրագրով արդեն հազարավոր ՀՀ քաղաքացիներ հաստատվել են Ռուսաստանում:

«Պուտինի հրամանագրից հետո սա ավելի գրավիչ է դարձել և կարող է ՀՀ-ում արտագաղթին նոր լիցք հաղորդել», – նշում է թերթը:

Եթե նախկինում ծրագրով «համերկրացու» ընտանիքի անդամներ էին համարվում միայն նրա ամուսինն ու երեխաները,ապա այժմ արդեն որպես ընտանիքի անդամներ կարող են համարվել ծնողները, քույրերը և եղբայրներն իրենց ընտանիքներով: Բացի դա, եթե նախկինում ծրագրի մասնակիցները կարող էին բնակության վայրի ընտրության հարցում առաջնորդվել միայն ըստ նախօրոք իրենց ներկայացվող թափուր աշխատատեղերի, ապա այժմ կարող են Ռուսաստան տեղափոխվել՝ հնարավորություն ունենալով ինքնուրույն լուծել իրենց աշխատատեղի հարցը, սեփական բիզնես դնել և այլն: Որոշ դեպքերում ծրագրի մասնակիցներին առավել մեծ գումար է առաջարկվում ՝ ոտքի կանգնելու համար:

«ՀԺ»-ն երեկ փորձել է ՀՀ կառավարությունից հետաքրքրվել, թե ինչպես են գնահատում տվյալ փոփոխությունը, արդյոք արտագաղթին առավել շատ խթանող գործոն են համարում, կամ գուցե մեր երկրի իշխանությունները անզոր են Ռուսաստանի կամքի առաջ:

Թերթը նշում է, որ տվյալ հարցերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն երեկ ողջ օրը Հայաստանի կառավարությունից այդպես էլ չեն տրամադրել: