Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր կառավարության շենքի մոտ նամակ են հանձնել Երևան ժամանած Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչներին: Epress.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողների ծնողները պատմել են, որ իրենք ներկայացրել են իրենց որդիների սպանությունների մանրամասները, և նշել, պատկան մարմինները մինչ օրս չեն պարզել սպանության հանգամանքները ու չեն պատժել մեղավորներին:
«Մենք մեկ-երկու նախադասությամբ ասացինք, որ մեր երեխեքին սպանել են հրամանատարները ու սպանել են խաղաղ պայմաններում, և մինչև հիմա ոչ մի պատասխան չունենք», – պատմել է զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, պատվիրակության ներկայացուցիչներին է հանձնել իր կողմից ՀՀ զինդատախազին և Պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակների պատճենները:
«Նամակներում առկա է սպանությունն ապացուցող իրեղեն փաստերի մի մասը. սրանից պարզ է դառնում, որ Արտակին սպանել են, սակայն ամեն կերպ փորձում եմ որակել որպես ինքնասպանություն, ու մինչ այժմ դատարանն անում է նախաքննական մարմնի կեղտոտ գործը: Դատարանը դարձել է նոտարական գրասենյակ նախաքննական մարմնի համար ու ոչ մի քայլ չի անում արդարադատությունը վերականգնելու համար», – եզրափակել է Հովհաննիսյանը: