Ռուսաստանյան «Առաջին ալիքը» փակում է «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ծրագրի երկու հաղորդավարներին՝ Գարիկ Մարտիրոսյանին և Սերգեյ Սվետլակովին արգելել են աշխատել տվյալ հեռուստաալիքում:
Facebook սոցցանցում «Առաջին ալիքի» պաշտոնական էջում հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ Մարտիրոսյանին և Սվետլակովին ծրագրից հեռացնելու մասին իրեն պահանջ է ներկայացրել «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը: Վերջինի խոսքով ՝ պատճառը ТНТ հեռուստաալիքի հետ հաղորդավարների կողմից կնքված նոր պայմանագիրն է:
«Ես խնդրեցի նրան բացառության կարգով թույլ տալ նրանց մնալ «Առաջին ալիքի» միայն մեկ նախագծում: Բարի կամքի դրսևորման դեպքում նման խնդիրները հեռուստաընկերությունում հեշտությամբ են լուծվում, իմ զրուցակիցը բարի կամք չդրսևորեց»,-հայտարարել է Էռնստը:
«Մենք որոշեցինք չփոխել «Պրոժեկտորի» հաղորդավարների կազմը ոչ ամբողջությամբ ոչ մասնակիորեն: The Beatles խումբը փոփոխություններ չի նախատեսում: «Պրոժեկտորը» թանկ էր մեզ համար այնպիսին, ինչպիսին մենք այն անում էինք»,-հավելել է նա:
«Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը «Առաջին ալիքով» հեռարձակվում է 2008 թվականից: Բացի Մարտիրոսյանից և Սվետլակովից, ծրագրի համահաղորդավարներն են նաև Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն: Նրանք հումորով քննարկում են տարբեր բնույթի լուրեր: