Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
«Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին և խափանման միջոցի հարց չի բարձրացվել», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերացնել հիմնադրամի դեմ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ գործը հարուցվել է մայիսին՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով: «Սիվիլիթասը» պատրաստվում է վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: