Գալիք նախագահական ընտրություններում, ինչպես 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններում, հայ հասարակությունը չի ընտրելու իր նախագահին, սակայն այս ընտրությունների առանձնահատկությունը լինելու է այն, որ ընտրվող նախագահի անձը որոշվելու է մեր երկրից դուրս գտնվող աշխարհաքաղաքական կենտրոններում:
Epress.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա հասարակության ուժը շատ թուլացած է համարում, և կարծում է, որ այն որոշում չի կայացնի նաև նախագահի հարցում, քանի որ իրեն այս երկրի տերը չի զգում, այս տարածքն ընկալում է որպես ժամանակավոր ապաստան, մինչև կգտնի իրական հայրենիքը:
«Վրաստանի և Հայաստանի հասարակությունների տարբերությունը տեսեք: Վրաստանում բանտում խոշտանգումների սկանդալային տեսահոլովկի հայտնվելուց հետո, բոլոր նույնիսկ փոքր բնակավայրերում բողոքի ակցիաներ եղան, նախարարը, այլ պատասխանատու անձինք ստիպված եղան հրաժարական տալ: Մեզ մոտ Վահան Խալաֆյանի սպանությունից հետո նրա բարեկամները միայն Չարենցավանում ոտքի կանգնեցին»,- ասել է Բադալյանը:
Այս կոնտեքստում, ըստ վերլուծաբանի, էական չէ քննարկել՝ ով է լինելու ընդդիմության թեկնածուն, լինելու է արդյոք միասնական թեկնածու, թե ոչ:
Թեկնածուների հաջողության գրավականը լինելու է ճիշտ աշխարհաքաղաքական ուժի ընտրությունը:
«Ժամանակն է կողմնորոշվեն՝ իրենք արևմտյան ուժերի հետ են տեսնում համագործակցությունը, թե Ռուսաստանի, Եվրամիության, թե Եվրասիական միության անդամ են ուզում դառնալ, քանի որ կոմպլեմենտարության ժամանակն անցել է: ԲՀԿ-ն, օրինակ, այլևս չի կարող ԵԺԿ-ի անդամակցելու դիմում ներկայացնել և գովել Եվրասիական միության գաղափարը: Ընտրությունների արդյունքը կախված է լինելու նրանից, թե ում կողքին կանգնած է նկարվելու Օբաման, Պուտինը»,- ասել է Բադալյանը:
Ըստ վերլուծաբանի՝ այժմ միանշանակ չի կարելի բացառել, որ դրսի ուժերը հստակ չեն պաշտպանի այս կամ այն թեկնածուին, ինչը չեն արել նույնիսկ 2008 թվականին:
Այժմ Արևմուտքը և Ռուսատանը հստակ են արտահայտվում, օրինակ, Սիրիայի նախագահ Ասադի հարցում՝ առաջինն ասում է, որ նա պետք է հեռանա, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը բացահայտ սատարում են նրան:
Բադալյանը բացառում է, որ Հայաստանում Արևմուտքը կամ Ռուսատանը խաղադրույքներ կատարեն ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» վրա: Դրա լուրջ հավակնություններն ունեն միայն ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:
«Այս երեքը նախագահական ընտրություններում հաջողություն ունենալու համար պետք է պայքարեն դրսի ուժերին գրավելու, այլ ոչ թե հայ էլեկտորատին հաճոյանալու համար», – կարծում է Արմեն Բադալյանը: