Home / Հայաստան / Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում նյարդայնացել էր. Նիկոլ Փաշինյանը բացատրել է` ինչու

Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում նյարդայնացել էր. Նիկոլ Փաշինյանը բացատրել է` ինչու

ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատգամավորներին հետաքրքրող ոչ բոլոր հարցերին է պատասխանել ըստ էության:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ազգային Ժողովից, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը խնդրել է տվյալներ տրամադրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայություններից հավաքված  մուտքագրված գումարների չափի մասին՝ Քոչարյանը պատասխանել է, որ տվյալ պահին իր ձեռքի տակ այդ թվերը չունի և չի կարող դրանք տրամադրել:

Արսենյանն ասել է, որ ինքը հարգում է փոխարտգործնախարարին, սակայն նմանատիպ մոտեցումն այս նիստին համարում է պարզապես անթույլատրելի, որովհետև քննարկվում է բյուջեի կատարողականը, իսկ ինքը լսում է  արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին շարադրանք:

«Ուզում եմ շեշտել, որ մենք այսօր հավաքվել ենք բյուջեի կատարողականը քննարկելու համար՝ արտգործնախարարության մասով, և, չգիտեմ, այդ դեպքում ինչի են խնդրել, որ դուք ներկայացնեք, երբ որ չունեք այն բոլոր տվյալները, որը կարող էր հետաքրքրել հանձնաժողովի անդամներին: Որպես անձանական բան չընդունեք, սակայն ես արձանագրում եմ այս փաստը»,- ասել է պատգամավորը:

Փոխնախարարն, իր հերթին, ասել է, որ Արսենյանն էլ թող անձնական չընդունի, որ ինքն ասել է, թե այդ տեղկատվությունը հետո կտրամադրի: Այս երկխոսությունը դահլիճում ծիծաղի առիթ է դարձել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Շավարշ Քոչարյանին հարցրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուրադ Նալբանդյանի վարած թանկարժեք ավտոմեքենայի մասին՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ գործող արտաքին գործերի նախարարը վարում է Երրորդ հանրապետության պատմության արտգործնախարարին սպասակող ամենաթանկարժեք ավտոմեքենան:

Ի պատասխան` փոխնախարարն ասել է, որ նախարարի ավտոմեքենան նվիրատվություն է Գերմանիայից, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա:

Երբ Նիկոլ Փաշինյանը խնդրել է ասել, թե ում մասին է խոսքը և ով է կոնկրետ Գերմանիայից այդ նվիրատվությունն արել, Քոչարյանը, այնուամենայնիվ, հստակ պատասխան չի տվել:

Նիկոլ Փաշինյանը նաև հարցրել է Քոչարյանին, թե ինչու Հունգարիայում մենք ունենք դեսպանատուն՝ չունենք դեսպան: Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ Ավստրիայում ՀՀ դեսպանը, ով նշանակվել էր այդ պաշտոնին, սեպտեմբերին պետք է հանձներ իր հավատարմագրերը Հունգարիային, բայց դիվանագիտական հարաբերությունների կասեցման պատճառով դա տեղի չի ունեցել: Այնուամենայնիվ, Փաշինյանը փորձել է հստակեցնել՝ հարցնելով, թե 2011 թվականի Հայաստանը Հունգարիայում դեսպանատուն չի՞ ունեցել: Փոխնախարարը վրդովված նշել է, որ դեսպան նշանակելը երկու օրվա գործ չէ և պահանջում է որոշակի գործընթաց ու ժամանակահատված:

Նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօրվա քննարկումից պարզվեց, թե 2011 թվականի երկրորդ կեսից՝ հոկտեմբերից, մինչև Ռամիլ Սաֆարովի ազատելը,  ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չի ունեցել:

«Դա շատ կարևոր արձանագրում է, եթե իմանալով, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը դատավճռից հետո ձեռնարկում է, որպեսզի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հասնի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թույլ է տվել, որ 2011 թվականի երկրորդ կեսին, հոկտեմբերից, մինչև Ռամիլ Սաֆարովի ազատելու պահը ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չունենա: Արձանագրենք սա, և հետո թող մեր Արտաքին գործերի նախարարությունը այս ֆոնին աղիողորմ հայտարարույթւոններ չանի»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ Հունգարիայում դեսպան չունենալու հարցի հետ կապված Քոչարյանը բավականին նյարդայնացել է և նույնիսկ ցանկացել էր տպավորություն ստեղծել, որ պատգամավորը չգիտի, թե ինչպես են դեսպանները նշանակվում:

«Բոլորս էլ գիտենք, ինչպես են նշանակվում, բայց այդ փաստը, այդ աղմուկը, էդ նյարդայնանալը նրա համար էր, որ փաստը հանկարծ չարձանագրվի: Ինը ամիս ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չի ունեցել, և դա իմացել են Էդվարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը, դա իմացել է նույնիսկ Շավարշ Քոչարյանը, և հիմա եկել են, ինչ-որ հայտարարություններ են ընդունում, ինչ-որ բաներ են անում: Հունգարիային գործարքների մեջ ենք մեղադրում և ճիշտ ենք անում, բայց ինչպե՞ս է պատահել, որ ՀՀ-ն հենց Հունգարաիյում, հենց այս ժամանակահատվածում չի ունցել դեսպան: Շավարշ Քոչարյանը հո Յալթայում չի մնալու, կամ Էդվարդ Նալբանդյանը, վերադառնալու են չ՞է Հայաստան, ես հիմա այս հարցը բաց տալիս եմ, թող վերադառնան և բարի լինեն պատասխանել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այս պահին Էդվարդ Նալբանդյանը գտնվում է գործուղման մեջ և մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին, իսկ Շավարշ Քոչարյանը քննարկման ժամանակ շտապեցնում էր հարց տվողներին, քանի որ օդանավից ուշանում էր և պետք է մեկներ Յալթա: