Չինացի արվեստագետ, ճարտարապետ, իրավապաշտպան Այ Վեյվեյը, ում իշխանությունները ձերբակալել էին 2011 թվականի ապրիլին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, իսկ այնուհետև ազատ արձակել գրավի դիմաց, տանուլ է տվել իր հանդեպ առաջադրված մեղադրանքների վերջին բողոքարկումը:
BBC-ի հետ զրույցում նկարիչ այլախոհը խոստովանել է, որ բավական կանխատեսելի էր իր պարտությունը: Նրա խոսքով՝ հետաքննությունն այդպես էլ չի կարողացել իր մեղքն ապացուցող որևէ փաստ ներկայացնել: Հիշեցնենք, որ իշխանությունները արվեստագետից պահանջում են մոտ 2 մլն դոլար վճարել պետությանը հարկերից խուսափելու համար:
Ինքը՝ Այ Վեյվեյը, և նրա համակիրները վստահ են, որ մեղադրանքները կապված են նրա իրավապաշտպան գործունեության հետ և նկարչին լռեցնելու նպատակ են հետապնդում:
Բացի դա, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, մասնավորապես, Amnesty International-ը, հանդես էին եկել հայտարարությունով, որոնցում նշում էին, որ Այ Վեյվեյի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, քանի որ նա տարիներ շարունակ օգտագործում է իր արվեստը՝ բացահայտելու կառավարության կողմից այլախոհների շարունակական ճնշումներն ու խոշտանգումները: