Home / Հայաստան / «ԲՀԿ-ին զոհ են սարքում, որ օգտագործեն». Քաղաքական գործիչը՝ Օսկանյանի և Հովսեփյանի մասին

«ԲՀԿ-ին զոհ են սարքում, որ օգտագործեն». Քաղաքական գործիչը՝ Օսկանյանի և Հովսեփյանի մասին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ու իր կուսակցության համար «Բարգավաճ Հայաստանը» և հասկանալի կառույց է և անհասկանալի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մակեյանը բացատրել է, որ ԲՀԿ-ն հասկանալի է այն առումով, որ պարզ երևում է, թե ովքեր են այնտեղ և որտեղից է ուղղորդվում, բայց անհասկանալի է, որ փորձում են ժողովրդին թյուրիմացության մեջ գցել:

Քաղաքական գործիչն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին՝ նշելով, որ պարզ չէ՝ կզրկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից՝ թե ոչ: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդել է Վարդան Օսկանյանին նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի փողերի լվացման գործում ներգրավել որպես մեղադրյալ:

«Պարզ չէ, թե ինչպիսի խաղի կանոններ են աշխատելու նրա դեպքում, սցենարը պարզ կլինի ավելի ուշ, այնուամենայնիվ, ամեն ինչ արվում է նույն սցենարով և հանգրվանը հայտնի չէ: Ժամանակին, բոլորն էլ հիշում են, երբ Արթուր Բաղդասարյանին ընդդիմություն դարձրին, ստեղծեցին զոհի կերպարանք ու 2008 թվականին շատ գեղեցիկ ձևով խաբեցին ժողովրդին: Հիմա չի բացառվում, որ Վարդան Օսկանյանով նույն զոհի կերպարը սկսեն ԲՀԿ-ի պարագայում ու անհրաժեշտ պահին օգտագործեն», – նշել է Մակեյանը՝ հիշեցնելով, որ Օսկանյանը 2008 թվականի Մարտի 1-ի գլխավոր դերակատարներից մեկն է:

«Նա փաստորեն խաբել է արտաքին աշխարհին, թե իրականում ինչ է կատարվել այդ օրը Հայաստանում», – ասել է Մակեյանն ու միաժամանակ ընդգծել, որ, այնուամենայնիվ, իրենց համար անընդունելի է, որ ինչ-որ նպատակահարմարությունից դուրս գալով սկսում են մարդու վրա գործ սարքել:

«Էսօր ցանկացած չինովնիկ, թեկուզ ազնիվ, այս համակարգում դարձել է խոցելի և ամեն րոպե կարող են գլխին գործ սարքել, ուրեմն նշանակում է, որ պահի ազդեցության տակ է այդ ամենն արվում, որը մեզ համար ընդունելի չէ», – ասել է բանախոսը:

Մակեյանը նշել է, որ առաջինը հարկ է դատապարտել ՀՀ գլխավոր դատախազին:

«Նա մարտի 1-ի ամենահրեշավոր գործառույթն իրականացնողն է. բոլոր անմեղ մարդկանց վրա հոդվածներ դրել, տարել-փակել է, էլ չխոսենք նրա բիզնես ոլորտի ու կենսակերպի մասին», – եզրափակել է Մակեյանը: