Թուրքիայում հայ համայնքի անդամները կոչ են արել Habertürk պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլիին վերադարձնել Վանում իր պապից ժառանգած եկեղեցին:
Ալթայլին Բակրաչլի գյուղում գտնվող «Յոթ եկեղեցիներ» համալիրի սեփականատեր է ճանաչվել Վանի մշակութային հարցերով վարչության կողմից եկեղեցիների վերականգնողական ծրագրի իրագործման ընթացքում:
Հաստատելով այն, որ եկեղեցին պատկանել է իր պապին՝ Ալթային նկատել է. «Ոչ ոք ինձ որևէ բան չի ասել հարցի վերաբերյալ: Ես բոլոր անհրաժշետ լիազորությունները պետությանը կհանձնեի: Եթե պետությունը խնդրեր ինձ վաճառել այն, ես կվաճառեի: Ի՞նչ պիտի անեմ եկեղեցու հետ»:
Բացի դա, նա նշել է, որ չունի համապատասխան ֆիանանսական միջոցներ եկեղեցին անձամբ վերականգնելու և պահպանելու համար:
Ալթայլիի՝ հայկական եկեղեցու սեփականատեր լինելու փաստը քննարկումների առիթ է դարձել լրատվամիջոցներում և սոցցանցերում, մասնավորապես, հայերի և ազատական գաղափարախոսությունը կրող քաղաքական և հասարակական ուժերի շրջանում: Ակտիվիստ և գրող Հայկո Բաղդադը, ով արշավ է սկսել սոցցանցում՝ կոչ անելով Ալթայլիին վերադարձնել եկեղեցին, Today’s Zaman-ին հայտնել է. «Քանի որ Ալթայլին հասարակության մեջ հայտնի գործիչ է, նա կարող է հնարավորություն ընձեռել քննարկելու, թե ինչ է տեղի ունեցել այն հայերի սեփականության հետ, ովքեր այլևս այստեղ չեն»:
Բաղդադը քննադատաբար է վերաբերվում Ալթայլիի՝ եկեղեցու հնարավոր վաճառքի հեռանկարին. «Ո՞ւմ եկեղեցին ո՞ւմ ես վաճառում»:
Նա կոչ է արել հանրությանը հետաքրքրվել՝ ինչպես է նախկինում այս հողերի վրա ապրող հայերի սեփականությունը վերաբաշխվում: Բաղդադը նշել է, որ ներկայումս ստորագրահավաք է սկսվել, որի հեղինակները կոչ են անում Ալթայիին վերադարձնել ժառանգած եկեղեցին:
Հայկական քաղաքացիական հասարակության ակտիվիստ Գարո Փայլանը Today’s Zaman-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայում ներկայումս 2000 հայկական եկեղեցիներ կան, որոնցից 1500-ը գտնվում են գյուղերում և փոքր քաղաքներում և լուրջ վերականգնման կարիք ունեն: «Յոթ եկեղեցիներ» համալիրը, որը ներկայումս Ալթայլիի սեփականությունն է, համեմատաբար լավ վիճակում գտնվող հազվադեպ, պատմական հուշարձաններից է», – նշել է Փայլանը՝ հավելելով, որ այս շինությունների իսկական սեփականատերերից ոչ ոք կենդանի չէ:
Փայլանը հույս ունի, որ այս դեպքը թույլ կտա բարձրացնելու խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը: