ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երեկ հետևելով Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցի լուսաբանմանը մամուլում, նկատել է, որ այդ մասին հրապարակումներից տվավորություն է ստեղծվում, թե հանձնակատարը հիացած է «հայաստանյան բացարձակապես վարդագույն իրավիճակով», մինչդեռ ըստ Օսկանյանի անձնական շփման վրա հիմնված տպավորության՝ «Ֆյուլեի մոտ մեծ հիասթափություն և հոռետեսություն կա Հայաստանի ներկայի և ապագայի նկատմամբ»: Այս մասին Օսկանյանը գրել է Facebook-յան իր էջում:
«Երկու Հայաստանների ակնհայտ տարբերությունն ինձ համար երեկ շատ կոնկրետ դրսևորում ունեցավ», – նկատել է նա:
Օսկանյանը նաև հիշեցրել է, որ հանձնակատարը նախապայմաններ է դրել ՀՀ իշխանությունների առաջ, որոնց կատարելու դեպքում խոստացել է դրամաշնորհներ, սակայն ՀՀ նախկին արտգործնախարարը, հիշեցնելով ԱՄՆ-ի կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման մասին, չի բացառել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան, եթե այդ բարեփոխումները խանգարում են վերարտադրությանը:
«Նախ, ասաց, որ ինքը և՛ նախագահին, և՛ վարչապետին հստակ ասել է, որ Հայաստանը դոնոր երկրների համաժողովի և դրա արդյունքում մինչև 1 մլրդ եվրո հնարավոր դրամաշնորհի մասին մինչև նախագահական ընտրություններ չպետք է հույս ունենա, իսկ համաժողովի անցկացումը մեծապես կախված կլինի նախագահական ընտրությունների անցկացման որակից:
Երկրորդ, բարեփոխումների նկատմամբ Հայաստանի իշխանությունների ներկայիս տրամադրվածությունը, պատրաստակամությունը և կարողությունը հաշվի առնելով՝ Հայաստանը չպետք է հույս ունենա, որ նույնիսկ մինչև 2013 թվականի վերջը կկարողանա Եվրոպական Միության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը»,- գրել է Օսկանյանը: