Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր: Կատաղությունը (Rabies, lyssa, hydrophobia), գրեթե 100%, մահացու ելքով, սուր, բնական–օջախային զոոնոզ հիվանդություն է:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, Կատաղության դեմ պայքարի և կանխարգելման ալյանսի տվյալներով` ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է գրեթե 55.000 մարդ:
Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչև 14 տարեկան երեխաներին:
Կատաղության հարուցիչը պատկանում է ֆիլտրվող վիրուսների շարքին, որոնք անջատվում են հիվանդ կենդանու և մարդու թքից: Կենդանի օրգանիզմից դուրս դրանք անմիջապես ոչնչանում են:
Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ: Ընտանի կենդանիներից կատաղություն հիվանդությամբ հիվանդանում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, կատուները, շները: Սակայն, բնակչության համար որպես կատաղություն հիվանդության բնական աղբյուր, էական դերը պատկանում է շներին` հատկապես թափառող: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:
Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու արդյունքում և այլն): Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14 օրյա հսկողություն:
Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացրել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Կենդանուց տուժելուց մի քանի ժամ հետո վերքի մշակումը և կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը: Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով` թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով:
Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, կատաղության համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2011 թվականի, այնպես էլ 2012 թվականի անցած ամիսների ընթացքում Հանրապետության բնակչության շրջանում կատաղություն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 2008 և 2009 թվականներին դիտվել է համաճարակային իրավիճակի աշխուժացում: Նշված տարիների ընթացքում բնակչության շրջանում արձանագրվել է 3 դեպք (Շիրակի մարզ):