Եվրոպայում ֆինանսական ճգնաժամը միաժամանակ նաև մշակութային ճգնաժամ է, կարծում են գերմանացի փորձագետները: Եվրոպացիների կենսակերպում առկա տարբերությունները դրա պատճառներից մեկն է, գրում է DeutscheWelle հեռուստաընկերության կայքը:
Եվրաճգնաժամը հանկարծակիորեն վախեցնող փաստեր է ի հայտ բերել. ազգային պայմանականությունները և կարծրատիպերը, որոնք թվում էր թե վաղուց հաղթահարված են, կրկին իրենց մասին խոսել են տալիս: Հույներն ու իտալացիները, անգամ եթե ոչ բոլորը, գերմանացիներին մեղադրում են մեծամտության և ամբարտավանության մեջ: Իրենց հերթին, որոշ գերմանացիներ թերահավատորեն են վերաբերվում իրենց հարավային հարևանների կենսակերպին: Դրանում կարելի է համոզվել ծաղրանկարների, թերթերի ճչացող վերնագրերի, լուսանկարների ընտրության և բուլվարային ԶԼՄ-ների շնորհիվ:
Միացյալ եվրոպական արժույթը կարող է ազգամիջյան ատելություն արթնացնել, կանխատեսում են եվրոյի որոշ հակառակորդներ: Անգամ եթե նման մտքերն արտահայտվում են միայն կարծիքների փոխանակման մակարդակով, նրանք իրականում արտահայտում են իրար նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքում առկա մի շարք լուրջ խնդիրներ:
«Մեր խնդիրը ոչ փողերը, ոչ էլ պարտքերն են»,-հայտարարում է լրագրող և եվրոպական մշակույթի պատմության մասին գրքի հեղինակ Գուստավ Ցայբթը: Եվրոպայում բավականաչափ գումար կա, բայց ներկայիս պայմաններում վարկատուները վախենում են կորցնել դրանք: Ցայբթի կարծիքով՝ նախևառաջ պետք է վերականգնել վստահությունը.
«Երբ կասկածներ չեն լինի, որ կանոնները պահպանվում են, որ դրանք իրագործելի են և իրատեսական, այդ ժամանակ հնարավոր կլինի գտնել պարտքերի խնդրի լուծումը»:
Նմանատիպ կարծիք ունի նաև հեղինակավոր սոցիոլոգ Մայնխարդ Միգելը: Նրա կարծիքով՝ վստահության ճգնաժամի հաղթահարման համար քիչ ժամանակ չի պահանջվում, քանի որ ճգնաժամը եվրոպացիների կենսակերպում առկա տարբերությունների հետևանք է:
«Մենք դեռևս բավականաչափ չենք գիտակցել, որ Եվրոպան չափազանց ոչ միատարր է: Պատմական և մշակութային զարգացումը բոլորիս մոտ տարբեր է եղել: Դա անդրադարձել է նաև մեր տնտեսության վրա», – պարզաբանում է Միգելը:
Հետազոտողների ընդհանուր կարծիքի համաձայն, բոլոր եվրոպացիները մեկ ընդհանուր վատ սովորություն ունեն. նրանք ապրում են ոչ համաձայն ունեցած միջոցների համապատասխան: Բնակչությանը բարձր կենսամակարդակ ապահովելու համար կառավարությունները պարտքերի տակ են ընկնում: Միգելի կարծիքով՝ ներկայիս բարեկեցության ձևից հրաժարվելը ենթադրում է զոհաբերություն և պահանջմունքների նվազեցման անհրաժեշտություն:
«Մշակութային և քաղաքական մարտահրավերը կայանում է նրանում, որ մարդիկ չվհատվեն, երբ ստիպված լինեն փոփոխությունների արդյունքում հրաժարվել այն ամենից, ինչին սովոր են, – պարզաբանում է Միգելը: – Նրանք պետք է ասեն իրենց. «Այս փոփոխությունները մենք կարող ենք հաղթահարել»»:
Այսպիսով, ֆինասական ճգնաժամը մշակութային փոփոխություններով հաղթահարելը եվրոպացիների առջև նոր ինքնության ձևավորման խնդիր է դնում: Մայնխարդ Միգելը վստահ է. պարտքերի ճգնաժամը կստիպի եվրոպացիներին ներկայիս բարեկեցությանը չվերաբերվել այնպես, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Ապագայի հասարակությունն ավելի համեստ կապրի:
«Եվրոպացիների համար դա նշանակում է վերափոխվելու անհրաժեշտություն՝ առանց հոռետես դառնալու: Նրանք պետք է գիտակցեն, որ հասարակությունը կարող է գոյատևել նաև փոփոխված պայմաններում, նախկինում ստեղծված սոցիալական համակարգերը հետագայում էլ գործելու են»,-կարծում է սոցիոլոգը:
Ըստ Միգելի՝ այժմ անհրաժեշտ է նոր սոցիալ-մշակութային մարտավարություն մշակել, որը իմաստ կմտցնի փոփոխությունների գործընթացներում: