ԲՀԿ տարբեր անդամների, առաջին հերթին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը որևէ արժեք չի կարող ունենալ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության ֆորմատի որոշման համատեքստում կամ առհասարակ չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա: Այս տեսակետն է Epress.am-ի հետ զրույցում հայտնել ՌԱՀՀԿ նախագահ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ գլխավոր դատախազը միջնորդել է Օսկանյանին ներգրավել որպես մեղադրյալ «Սիվիլիթաս» հիմնարդամում փողերի լվացման գործով: Երեկ նաև բացահայտվել է և գործ է հարուցվել Ազգային գրադարանում վերանորոգման ծրագրում 7 միլիոն դրամի հափշտակման առթիվ, ինչը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ քաղաքաշինության նախարար էր ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը:
Ըստ Մանվել Սարգսյանի՝ հետապնդումների ինտրիգ, ԲՀԿ-ի զոհի կերպար թերևս կա հասարակության որոշ մասի մոտ, սակայն իրականում ոչ մի կոնֆլիկտ էլ չկա:
«Իշխանությունն ընդամենը նախապատրաստվում է ընտրություններին: Այն ուզում է քիչ ծախսեր անի ընտրությունների ժամանակ: Առանց հասարակության մասնակցության ապահովի իշխանության վերարդատրումը»,- ասել է Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ ընտրություններում դրական փոփոխություն ունենալու համար պետք է ազատ ընտրությունների անցկացման մեխանիզմ ստեղծվի: Մանվել Սարգսյանի խոսքով՝ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, սպասում է ԲՀԿ-ի հետ կապված կրքերը հանդարտվեն: ԲՀԿ-ն որոշում կկայանցի իր մասնակցության ֆորմատի մասին, և դրանից հետո միայն ՀԱԿ-ի կասի՝ ում է առաջադրում նախագահի թեկնածու, այսինքն՝ ինքը չի թելադրում «քաղաքական օրակարգը»:
Լուսանկարը՝ hhk.am