Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը պատրաստվում են դիմել Վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բնակարանատերերը Գասպարյանի գործունեությունը որակում են որպես պաշտոնական անգործություն, քանի որ նա չի կատարում օրենքով նախատեսված իր պարտականությունները: Այս մասին Еpress.am-հետ զրույցում ասել է տուժած բնակիչներից մեկը՝ Սոնա Մաղաքյանը:
Նա ընդգծել է, որ ոստիկանապետը վերջերս անընդհատ հավաստիացնում է ժողովրդին, թե անձամբ ամեն ինչ անելու է՝ ոստիկանությունից եղած բոլոր դժգոհությունները փարատելու համար, սակայն տարիներ շարունակ նախորդ և ներկայիս ոստիկանապետին ուղղված իրենց բոլոր դիմումները մնում են անպատասխան.
«Մեր՝ բնակիչների հոծ բազմությունը, վերջին փրկության հույսով, սեպտեմբերի 26-ին ցանկանում էր հանդիպել ոստիկանապետին, սակայն ոստիկանության շենքի մոտ երկար սպասելուց հետո կրկին չարժանացանք նրա ընդունելությանը: Երբ որոշեցինք բողոքի ակցիա անցկացնել հենց ոստիկանության գլխավոր մուտքի մոտ, իջավ Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մուրադխանյանը և ասաց, որ մեր բոլորի հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ», – պատմել է Մաղաքյանը՝ նշելով, որ իրենք պնդել են, թե ուզում են անպայման հանդիպել ոստիկանապետ Գասպարյանին, սակայն Մուրադխանյանն ասել է, որ «ոստիկանապետը տեղյակ է ձեր բոլոր խնդիրներին»:
Մաղաքյանի խոսքով՝ իրենք ցանկանում են հանդիպել ոստիկանապետին և տեղեկացնել, որ պաշտոնյաները օրենք են խախտում, պառտակում են հանցագործությունը, սակայն պարզվում է, որ այս դեպքում էլ Գասպարյանն է խախտում նույն օրենքը՝ ընդունելություն չկազմակերպելով:
«Պարզվում է, որ մեր պաշտոնյաներից շատերը ուղղակի իմիտացիա են անում, թե ամեն ինչ անում են օրենքի շրջանակներում, սակայն իրականում ամեն ինչ անում են՝ օրենքը շրջանցելու ու խախտելու համար», – եզրափակել է Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ՝ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն: