2011 թվականի օգոստոսից անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ, առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում ներկայացրել է իր պաշտպանյալին վերաբերող բողոքը՝ դատարանին միջնորդելով ազատ արձակել Առաքելյանին նրա գործում հանցակազմի բացակայության պատճառով:
Գրիգորյանը նշել է, որ նույնը վերաբերում է նաև տարբեր ժամկետներով դատապարտված մյուս երեք ակտիվիստներին՝ Սարգիս Գևորգյանին, Արտակ Կարապետյանին և Դավիթ Քիրամիջյանին: Փաստաբանը դատարանին ներկայացրել է նախաքննության ընթացքում տեղի ունեցած մի շարք խախտումներ, որոնցից ամենակարևորը, նրա խոսքով, վերջին շրջանում է ի հայտ եկել:
Գրիգորյանը պատմել է, որ դատական գործընթացի ժամանակ դատարան չեն ներկայացել միջադեպին ականատես երկու ամերիկահայեր (մեկը՝ Նշե Մոդոյան, մյուսի անունը փաստաբանը չի հրապարակել), ովքեր արդեն մեկնած են եղել Հայաստանից:
Համաձայն նախաքննական մարմնի, այդ վկաներն իրենց ցուցմունքում նշել են, որ ակտիվիստները հարվածել են ոստիկաններին, սակայն Գրիգորյանի հարցմանն ի պատասխան, ամերիկահայերը տեղեկացրել են, որ իրենք նման ցուցմունք չեն տվել: Միջադեպից հետո իրենց այցելած քննիչներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես ոստիկանները ծեծի են ենթարկում քաղաքացիական հագուստով տղայի: Նրանք նաև ընդգծել են, որ իրենց փորձել են ուղղորդել՝ հարցնելով. «Միգուցե, քաղաքացիական հագուստով երիտասա՞րդն է հարձակվել ոստիկանների վրա»:
Գրիգորյանի խոսքով՝ այս փաստը ևս մեկ ապացույց է առ այն, որ Տիգրան Առաքելյանը և ՀԱԿ-ի մյուս ակտիվիստները մեղավոր չեն:
Առաջին բողոքը ներկայացնելուց հետո ընդմիջում հայտարարվեց, ապա նմանատիպ փաստարկներով իր բողոքը հիմնավորեց մյուս ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին:
Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջև հավաքված ՀԱԿ-ի համակիրները, ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանին` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միյան Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կալանքը կկիրառվի վերջնական վճիռը ուժի մեջ մտնելուց հետո: Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:
Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը: Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, իսկ մյուս երեքի գործը կարճվել էր: