«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցած քաղաքապետի և ընդհանրապես Հայաստանում անցկացվող ցանկացած ընտրություն բնութագրել է մեկ բառով՝ «խայտառակություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Մակեյանը՝ նշելով , որ Գյումրիում իշխանությունն ամեն ինչ արեց անաղմուկ ընտրություն անցկացնելու համար:
«Սա շատ լավ բեմադրված թատրոն էր՝ 4-5 հոգի առաջադրվեց, ժողովուրդն էլ գնաց անաղմուկ մասնակցեց ու բոլորն էլ գոհ մնացին, դժգոհ մնաց միայն Վարդան Ղուկասյանը»,- նշել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ թե տեղական ինքնակառավարման մարմինների, թե՝ համապետական, վերահսկվում են վերևների կողմից ու ժողովուրդն այս դեպքում որևէ դեր չունի:
«Ընտրական գործընթացը գնում է ոչ թե քվեարկության օրը, այլ վաղօրոք ու հիմնական որոշիչ գործընթացը գնում է անտեսանելի մասով. Ամեն ինչ նախօրոք կանխորոշված է: Մեծ քաղաքների ճակատագիրը որոշում են բարձրագույն իշխանավորները՝ նույնիսկ առաջին դեմքի մասնակցությամբ, ինչը եղավ Գյումրիում»,- ասել է Մակեյանը՝ կարծիք հայտնելով, որ կարող էին թույլ տալ Վարդան Ղուկասյանին՝ մասնակցել ընտրություններին:
«Եթե թողնեին ընտրությունը որպես ընտրություն, ապա Վարդան Ղուկասյանի ուժը, փողը և ազդեցությունը մեծ էր, ուստիև հաղթելու էր, չնայած մարզպետի ու մարզային ոստիկանապետի ազդեցությամբ էլի կարող էին կոտրել Ղուկասյանին, բայց դրանից շատ մեծ աղմուկ կբարձրանար, հետևաբար իշխանությունը գնաց ամենաանցավ ու անաղմուկ տարբերակին. Վարդան Ղուկասյանին ուղղակի խաղից դուրս հանեցին», – եզրափակել է Մակեյանը: