Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Ֆարմատեք» ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով: Այցից հետո կազմակերպված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է ոլորտի խնդիրներից:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է հետևյալը.
«Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է: Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից: Ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր երկրում պրոբլեմներ շատ կան, որ գրեթե չկա մի ոլորտ մեր պետության մեջ, որտեղ պրոբլեմներ չլինեն, և որոնց պատճառով դժգոհություններ չլինեն, բայց առողջապահությունը միակն է, որից բողոքում է մեր բնակչության արդեն մեկ երրորդը: Սա այն պարագայում, երբ մենք ավանդաբար համարում էինք, որ մեր առողջապահական համակարգը լավն է, մեր բժիշկների մասնագիտական ունակությունները շատ բարձր են, որ ուզում ենք տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալ և այլն: Մեկ երրորդի դժգոհությունն արդեն լուրջ ազդանշան է, որպեսզի մենք արմատական փոփոխություններ մտցնենք այս ոլորտում:
Մենք պիտի կարողանանք բարձրացնել բժշկի դերն ու արժանապատիվ հեղինակությունը մեր հասարակության մեջ, և միաժամանակ հասնենք այն բանին, որ առողջապահական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիները բավարարված լինեն բոլոր ծառայություններից և դրանց հասանելիությունից»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ կան խնդիրներ, որոնք ամբողջովին կախված չեն միայն առողջապահական ոլորտի պատասխանատուներից, և որպեսզի բոլորը գոհ լինեն, անհրաժեշտ են նաև նյութական մեծ միջոցներ: Սակայն, Նախագահի համոզմամբ, եղած միջոցների արդյունավետ օգտագործումն այս իրավիճակում դառնում է ամենակարևոր հանգամանքը: Ոլորտում, ըստ Սերժ Սարգսյանի, անհրաժեշտ է հասնել էական փոփոխությունների, և դա միանգամայն հնարավոր է:
Նախագահը խոսել է նաև վերջին տարիների առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների մասին. «Վերջին 4-5 տարիների ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք տարել և լուրջ արդյունքներ ունենք Հայաստանի ողջ տարածքով մեկ առողջապահական հաստատությունների վերանորոգման, արդիականացման, ժամանակակից սարքավորումներով հագեցնելու գործում: Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց մեր բոլոր ջանքերը ջուրը կլցվեն, եթե մեր վերաբերմունքը մնա նույնը, և մենք կտրուկ փոփոխություններ չանենք: