Մարդը իրապես ազատ է առավոտյան արթնանալիս և դեռ անկողնուց դուրս չգալու մի քանի րոպեներին: Այդ ընթացքում արևին, բնությանը բարի լույս ասելու անհատական ծեսով է արվեստագետ Կարեն Հակոբյանը խորհուրդ տալիս սկսել օրը:
«Փոփոխությանն ընդառաջ» թեմայով Tedx Yerevan 2012 միջոցառման ժամանակ հնչեցրած իր ելույթում նա ասել է, որ ազատ առավոտը կարող է լինել առաջին փոփոխությունը, առաջին քայլը ազատվելու վախերից, որոնք մեր մեջ կան, որոնք մեր բարդույթներն են ու չեն թողնում մեզ ինքնառեալիզացվել:
«Փոքրուց մեզ վախեցնում են նախ մեշոկ պապիով, գայլով, շնով: Հետո վախի վրա են կառուցվում ծնող-երեխա, իշխանություն –քաղաքացի, գործատու-աշխատող հարաբերությունները: Այդ վախը հիմքն է անհատի ոչնչացմանը, նրան չի թողնում ստեղծագործ լինել», – համոզված է արվեստագետը:
Վախերը մարդիկ ունեն բոլոր երկրներում, սակայն, Հակոբյանի կարծիքով, արտասահմանում դա դպրոցներում փորձ է արվում հանել, մեզ մոտ՝ տարիքի հետ գանլով ուժեղանում է վախը՝ բանակից, սեռականությունից, իշխանությունից: Այդքանը վախը սպանում է անհատին:
«Պատկերացրեք, եթե էն տղամարդը, որ հազար գործ ունի անելու, բարի լույս ասի չվախենալով: Խոսքը հեթանոսական ծեսերին վերադառնալու մասին չէ: Սա շատ անհատական պետք է արվի: 1 միլիոն վախեցած ագրեսիվ մարդ է արթնանում միանգամից ամեն օր: Իսկ վախեցած մարդը թաքցնում է իր վախը և ճնշում ուրիշներին», – ասել է Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի` իր խորհուրդը վերաբերում է նախ քաղաքի բնակիչներին, քանի որ վախը ինդուստրիալ հասարակության, կապիտալիզմի հիմքն է:
«Պետք է քեզ վախեցնեն, որ դու աշխատես, հանկարծ չմտածես՝ դաշնամուր նվագելու, երգելու, նկարելու մասին, քանի որ դա կփոխի ինչ-որ մեկի գրպանին: Գյուղացին ավելի մոտ է բնությանը: Նա շփվում է հողի հետ», – ասել է Հակոբյանը: