Այսօր Դատաբժշկական փորձագիտական կենտրոնում ավարտվել է երեկ Ստեփանավանի զորամասում մահացած զինծառայող Մնացական Մնացականյանի դիահերձումը:
Զինվորի հոր միջնորդության հիման վրա ՝ քննիչները թույլ են տվել դիահերձմանը ներկա լինել անկախ փորձագետ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանին:
Վերջինս Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ դիակի զննությունը թույլ չի տալիս հստակ ասել՝ տղան ինքնասպանություն է գործել, թե նրան կախել են, քանի որ դիակի վրա չեն հայտնաբերվել մահվան հետ կապ ունեցող բացահայտ հետքեր:
Փորձագետն ասել է, սակայն, որ կա հակասություն փորձաքննությամբ ապացուցված մահվան ժամի և զորամասի բժշկի արձանագրած մահվան ժամի մեջ: Դատաբշիժկն այսօր 11:30-ին դիահերձումն իրականացնելով՝ նշել է, որ առաջնային տվյալներով մահը վրա է հասել 20-ից 24 ժամ առաջ, մինչդեռ, ըստ քրեական գործի տվյալների, դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 1-ին առավոտյան ժամը 06:50-ի սահմաններում, և զինվորը շատ արագ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ֆիքսվել է մահը: Փաստորեն տարբերությունը կազմում է 4 ժամ, ասել է Մարտիրոսյանը:
«Ըստ քրեական գործի՝ երկու զինվոր են հայտնաբերել Մնացականին՝ սավանով կախված վիճակում լվացարանի կողքի սենյակում: Նրանք կանչել են բժիշկին, ով արհեստական շնչառությունով փորձել է փրկել տղային, այսինքն՝ ամենայն հավանականությամբ՝ նա ողջ է եղել հայտնաբերվելուց: Բացի դա, դիակային բծերը առաջացել են պառկած վիճակում», – ասել է Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ տղայի ծնողներին հայտնել են, որ Մնացականին մահացած են հայտնաբերել:
Նշենք, որ Մնացական Մնացականյանը հանդիսանում է Արտակ Նազարյանի գործով վկա, հենակետի խոհարար Արման Մնացականյանի հորեղբոր որդին: Հիշեցնենք, որ այս վկան 7 ամիս շարունակ չէր ներկայանում դատական նիստերին, բայց հուլիսի 17-ի նիստին հայտնվել է Իջևանի դատարանում և հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է ինքը գտնվել յոթ ամիս շարունակ: Նրա հարցաքննության ավարտվելու պահին ամբաստանյալ Վահագն Հայրապետյանը նրան հարցրել է՝ «հերթափոխի ժամանակ ինչ-որ արտառոց բան եղե՞լ է, ի՞նչ միջադեպ էր եղել»: Արման Մնացականյանն ասել է՝ «Արտակ Նազարյանի սպանությունը…», իսկ հարցին, թե «դե հիմա ասա՝ ո՞վ ա սպանել», պատասխանել է՝ «ես չգիտեմ, ես չեմ եղել այնտեղ» :