ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անօրինական որոշումը անհնար կլիներ, եթե խորհրդարանում լիներ իշխանական ուժին հակակշիռը, ինչի անհրաժեշտության մասին ինքը և ԲՀԿ-ն խոսում էին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
«Փաստորեն, Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս տասը քայլ առաջ անցավ:
Տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարավորություն մենք ունեինք խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ: Բայց դա չստացվեց, որովհետև իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության և ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային և անձնական շահերից:
Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ», – Facebook-ի իր էջում գրել է Օսկանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ երկու խմբակցությունների՝ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի պատգամավորները 64 կողմ, 6 դեմ ձայներով հավանություն տվեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը՝ Վարդան Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից և ներգրավել նրան «Սիվիլիթաս» հիմնադրամի գործում որպես մեղադրյալ: