ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում քննադատության է ենթարկել Կենտրոնական բանկի 2011 դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը՝ որակելով այն «120 էջանոց կատարյալ աղբ»:
Ներկայացնելով ՀՀ ԿԲ գործունեության հիմնական թերությունները և համակարգի արմատական բարեփոխման հիմքերը՝ Բագրատյանը նկատել է, որ ՀՀ ԿԲ-ն թարախապալարի նման թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը:
Բագրատյանի խոսքով՝ ԿԲ-ն իր հաշվետվությունում բազում կետերում կեղծ տեղեկատվություն է տալիս: Ըստ տնտեսագետի՝ ԿԲ-ն կեղծում է վարկավորման տոկոսները՝ ասելով, որ դրանք կազմում են 14-18%, մինչդեռ իրական տոկոսադրույքը 5-6%-ով ավել է։ Կեղծ է նաև ԿԲ-ի այն պնդումը, թե բանկային համակարգի ակտիվները 2011-ին աճել են 32%-ով, քանի որ Հայաստանի բանկերի մեծ մասը գործում են վերավարկավորմամբ:
«Գնաճն իջնում է, բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ոչ: Վերջին 2 տարում /2010թ. հուլիսի 1-ից/ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6%-ից ավելացել է մինչև 8%, իսկ գնաճը 8.7%-ից իջել է 2,5%: Արդյունքում՝ հարստության կենտրոնացում, Լորենցի կորի սրում, աղքատության շեշտակի աճ՝ չնայած ՀՆԱ-ի աճին: Կապիտալ ակտիվներ ցուցանիշով (19.3%) Հայաստանը աշխարհում գրավում է վերջին տեղը։ Այստեղից էլ այն, որ վարկերի տոկոսները դրամով՝ 14-18% (իրականում՝ մի 5-6% էլ ավել) չեն կապվում սղաճի հետ: Ուրեմն՝ վճարողը ժողովուրդն է: 2011 թվականին մենք ունեցել ենք ամենաանարդյունավետ Կենտրոնական բանկերից մեկն աշխարհում»,- ասել է Բագրատյանը:
Հաշվետվության վերլուծությունը ներկայացնելով՝ տնտեսագետը նկատել է, որ միևնույն մարմինը (տվյալ դեպքում ԿԲ-ն) չի կարող միևնույն ժամանակ և կարգավորել և իր կարգավորածը վերահսկել, ուստի այս գործառույթները պետք է տարանջատել։ Ավանդների ապահովագրության հիմնադրամը պետք է հանել ԿԲ ենթակայությունից և հենց նրան հանձնել բանկային համակարգի վերահսկողության գործընթացը։ ԿԲ-ն պետք է իրականացնի միայն կարգավորման գործառույթ, նշել է ՀՀ նախկին վարչապետը: