Դատախազությունը ոտնահարել է քաղաքացի Սամվել Սուվարյանի իրավունքները՝ նրան անհիմն բերման ենթարկելով և 6 ամիս կալանքի տակ պահելով: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Օմբուդսմենի գրասենյակի գրության մեջ պարզաբանում են, որ Սուվարյանին բերման ենթարկելու պատճառն այն է, որ Ուկրաինայում նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողել քրեական նյութերի բացակայության պատճառով:
Գործն ուսումնասիրելով՝ օմբուդսմենը հայտնաբերել էր դատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ։
Արթիկի բաժնի աշխատակիցները Սուվարյանին ձերբակալել և բերման են ենթարկել 2011թ. հունվարի 21-ին, սակայն միայն հինգ օր հետո «Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի որոշմամբ Սուվարյանն ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ կալանքի որոշում առկա չի եղել: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն։
Բացի դա, 2011թ. հուլիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի Ուկրաինայի դատախազությունը հայտնել է, որ գործի ուսումնասիրության արդյունքում բացակայում են Սամվել Սուվարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հիմքերը: Սակայն Սուվարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է միայն 2011թ. հուլիսի 14-ին՝ 14 օր անց։
ՄԻՊ գրասենյակից Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am-ին հայտել է, որ իրենք քաղաքացուն օգնելու համար արել են այն ամենը, ինչ իրենց լիազորություններում է. այն է՝ գրանցել է ոստիկանության խախտումը, դիմել է դատախազությանը՝ խնդրելով գտնել և պատժել թույլ տրված սխալի համար պատասխանատու անձանց:
Իրավունքի վերականգման կամ փոխհատուցում պահանջելու հարցերով պետք է զբաղվի ինքը՝ Սուվարյանը: