Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» և Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև նոր սկանդալ է հասունանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունները միասնական խմբակցություն են կազմում խորհրդարանում:
Երկու օր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելյանի հետ համաձայնություն է եղել, որ իր մանդատը վայր է դնելուց հետո, մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի ծառայությունը հերքել էր Հովհաննիսյանի ասածը:
Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, հաջորդ զարգացումն այն է եղել, որ նախօրեին երեկոյան «Ժառանգությունում» քաղխորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու հարցը:
Թերթը փորձել է լուրերը ճշտել «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից, ով նշել է, որ Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանում չէ, և հարցերը պետք է ուղղել նրան վերադարձից հետո: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվել է հարցերին պատասխանել:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Խաչատուր Քոքոբելյանն ԱՄՆ-ում է, և մերձավորների շրջապատում իր մեկնումը բացատրել է առողջական խնդիրներով: Թերթը տաօրինակ է համարում, որ Քոքոբելյանը բացակայում է այն ժամանակ, երբ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
«Իրականում այս իրավիճակում բավական անհարմար դրության մեջ էր. մի կողմից՝ Աղվան Հովսեփյանի հետ նրա կապերի մասին խոսակցությունները, մյուս կողմից՝ որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ նա պետք է դիրքորքշում հայտներ: Ամեն դեպքում, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Քոքոբելյանը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 6-ին ու, թերևս, ստիպված կլինի հանդես գալ պարզաբանումներով՝ կապված թե իր բացակայության ժամանակահատվածի, թե Հովհաննիսյանի հայտարարության հետ», – գրում է թերթը:
«ՀԺ»-ն չի բացառում, որ կուսակցությունների միջև հակասություններն այնքան խորանան, որ «Ազատ դեմոկրատները»հրաժարվեն նախագահական ընտրություններում սատարել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: