Այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն տեղեկությունը, որ առաջիկայում գազի գների բարձրացումը անխուսափելի է, ուղղակի կառավարությունը սպասում է, որ այդ իրադարձությունը տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո: Փաշինյանը հարցրել է, թե արդյոք վարչապետը կարող է երաշխավորել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գազի գինը չի փոխվի:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր ՀՀ էներգետիկյաի նախարարությունը բանակցային գործընթացում է գտնվում իր ռուսաստանցի գործընկերների հետ, որովհետև, բացի գազի գնից, նաև այլ խնդիրներ կան, որոնք վերաբերում են օրենսդրությանը: Վարչապետը խոստացել է տեղեկատվություն տրամադրել այն ժամանակ, երբ բանակցություններն ավարտվեն:
«Գազի գնի որոշումը տեղի է ունենում համապատսախան կանոնների ներքո: Գոյություն ունեն ՌԴ-ի կողմից սահմանված խաղի կանոններ, և, բնականաբար, ամեն տարի սկսվում է բանակցային գործընթաց այն մասին, թե ինչպիսինն է լինելու ապագա գազի գինը և այդ գազի գնի որոշման բանաձևը: Այս պահի դրությամբ դեռևս բանակցությունները չեն ավարտվել», – ասել է ՀՀ վարչապետը:
Վերջինս նաև նշել է, որ գազի գինը բացարձակապես կապված չէ նախագահական ընտրությունների հետ և այդ հարցը քննարկվելու է նաև ԱԺ-ում: