Մարզական լրագրող, վերլուծաբան Թոմաս Ատցենհոֆերը bleacherreport.com կայքի իր սյունյակում վերլուծել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում» տիրող իրավիճակը և փորձել է կանխատեսել, թե ում կարող է Անգլիայի չեմպիոնը գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ատցենհոֆերը նշում է, որ «Մանչեսթեր Սիթին» այժմ պետք է աշխատի ապագայի համար՝ գնելով երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների, ովքեր հետագայում կարող են կերտել թիմի փառքը: Լրագրողը 8 կիսապաշտպան է առաջարկում, ովքեր, նրա կարծիքով, կարող են հայտնվել «Սիթիում» արդեն ձմռանը՝ ընդգծելով, որ առաջարկվող տարբերակների հարցում ինքը հիմնվում է ֆուտբոլային աշխարհում առկա ասեկոսեների վրա:
Առաջարկվող կիսապաշտպանների թվում են Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Լարս Բենդերը, «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի ավագ Իգոր Դենիսովը, Դորտմունդի «Բորուսիայի» ազգությամբ թուրք կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը, ով խաղում է Գերմանիայի հավաքականում, իսպանական «Խետաֆեի» մարոկացի խաղացող Աբդելազիզ Բարադան, գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Լյուիս Հոլտբին, ֆրանսիական «Մոնպելյեի» ֆուտբոլիստ Ռեմի Կաբելյան, «Մալագայի» իսպանացի տաղանդ Իսկոն և Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Վերջինիս թեկնածությանն անդրադառնալով՝ Ատցենհոֆերը, մանսավորապես, նշում է, որ Մխիթարյանին արժե գնել կազմի խորությունը ապահովելու համար հարձակվողական ոճի կիսապաշտպանների գծում, որտեղ այժմ գործում են Դավիդ Սիլվան և Սամիր Նասրին: Վերլուծաբանի խոսքով՝ Հենրիխ Մխիթարյանը երիտասարդ է, չմշակված տաղանդի տեր ֆուտբոլիստ է և հետագա աճի ապահովման լավ հնարավորություններ ունի: