ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին հիշեցրել է, որ 21 օր առաջ ինքը բանավոր հարցում էր արել Բամբակաշատում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանացագործության հետ կապված, բայց նամակը ստացել է բավական ուշ, երբ իր մտահոգության թեման արդեն անցել էր:
Արամ Մանուկյանը վարչապետին ասել է, որ դա անհարգալից վերաբերմունք է պատգամավորի նկատմամբ: ՀԱԿ-ի անդամը նման վերաբերմունք է նաև զգացել ԱԺ հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, երբ կառավարության ներկայացուցիչներին հարցեր էին ուզում տալ, իսկ նրանք կամ հարցերին չէին պատասխանում կամ հենց այնպես պատասխանում, անցնում էին: Արամ Մանուկյանը վարչապետին հիշեցրել է, որ հենց այսօր ինքն էլ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պետք է մնար ԱԺ-ում, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրեն հարցեր էր ուզում ուղղել, սակայն Տիգրան Սարգսյանը հեռացել է:
Դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Մանուկյանն ասել է, որ «այս հիմնարկի պատիվը նա առաջինը պետք է պահի»:
«Կառավարությունը ուզի, թե չուզի պատասխանատու է այս հիմնարկի առաջ, ինքը կարող է շատերին չպատասխանել, դա իր որոշելիքն է, բայց կառավարությունը տվյալ դեպքում և շատ դեպքերում հաշվետու է այս հիմնարկին: Պարոն վարչապետ, այն հարցերը, որոնք կապված են այստեղի հետ, պատգամավորների հարցի հետ կապված և առավել ևս, որ հանցագործության հետ կապված մտահոգություն կա… ձերոնց գյամերը մի քիչ քաշեք: Կամ դուք էլ մի քիչ հարգանքով վերաբերվեք այս հիմնարկին», – ասել է Արամ Մանուկյանը:
Վարչապետը, դիմելով պատգամավորներին, առաջարկել է հարգալից լինել կառավարության անդամների նկատմամբ և նշել է, որ իրենք երբեք անհարգալից վերաբերմունք չեն դրսևորել պատգամավորների նկատմամբ:
«Չնայած պրովոկացիաներ այդ առումով բազմաթիվ եղել են, ընգդծված անհարգալից վերաբերմունք կառավարության անդամների նկատմամբ: Այս ամբիոնից հայտարարություններ, մեղադրանքներ և ուղղակի այնպիսի խոսքեր որոնք հարիր չեն ԱԺ-ին: Այդ ամենը մենք համբերատար լսում ենք, և ես խիստ հանձնարարական եմ տվել, որ չարձագանքեն այդպիսի արտհայտություններին, որոնք վիրավորական են ցանկացած հայ մարդու համար: Այսօր էլ մենք այդպիսի արտահայտություններ լսեցինք այս բարձր ամբիոնից՝ պետական բյուջեի հաշվետվությունը համարվում է աղբ: Ոչ մեկը չարձագանքեց», – ասել է վարչապետը՝ ակնարկելով Հրանտ Բագրատյանի ելույթը:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի հարցմանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը հենց հարցման օրը հանձնարարական է տվել ոստիկանապետին, և վերջինս օպերատիվ իրեն զեկուցել է իրավիճակը, որպեսզի «պատգամավորի մտահոգությունը, որ հնչեցվել է այս դահլիճում, արժանանա իրենց ուշադրությանը, որպեսզի իրենք կանխարգելեն ինչ-ինչ զարագացումներ, որ կարող էին տեղի ունենալ»:
Արամ Մանուկյանը վարչապետին վերադարձրել է իրեն ուղարկված պատասխանը և խնդրել է կրկին զբաղվել այդ հարցով, քանի որ, պատգամավորի խոսքով, այդ պատասխանի մեջ բովանդակային առումով բոլորովին ուրիշ բան կա՝ բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են կատարել, ստացվում է, որ միջադեպը կանխել են:
Վարչապետը չի համաձայնել Մանուկյանի գնահատականների հետ, բայց խոստացել է անպայման ստուգել և հանձնարարել ոստիկանապետին, որպեսզի նա ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրի պատգամավորի կողմից բարձրացվող հարցերը:
Բամբակաշատի դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ: