ՀՀ 2011 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության հիմնական զեկուցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱԺ պատգամավորները հնարավորություն չունեցան հարցեր տալու, քանի որ գործադիրի ղեկավարը հեռացավ դահլիճից իր ելույթից հետո:
Այնուհետև, երբ մեկ այլ հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը սկսել է իր ելույթը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ հարց է հնչեցրել:
«Երբ որ ներկայացվեց Տիգրան Սարգսյանը, ասվեց, որ ձայնը տրվում է հիմնական զեկուցողին: Հիմա ես հարցեր ունեմ հիմնական զեկուցողին, խնդրում եմ հիմնական զեկուցողին հրավիրեք դահլիճ, որ կանոնակարգի համաձայն հարցեր տանք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հիմնական զեկուցող է նաև Ատոմ Ջանջուղազյանը, և պատգամավորները կարող են հարցեր նաև նրան տալ: Շարմազանովը հավելել է, որն եթե Փաշինյանը ցանկություն ունի հարցեր տալու վարչապետին, ապա կարող է գրանցվել ժամը 16:30-ի համար և հարցն ուղի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցը ուղղել է կոնկրետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նշել, թե ԱԺ կանոնակարգը շատ հստակ սահմանում է, որ պատգամավորները հարցեր տալու հնարվորություն ունեն:
«Հիմա բարի եղեք ապահովել վարչապետի ներկայությունը: Կամ հրավիրեք, կամ, չգիտեմ, բերման ենթարկեք, որպեսզի մենք հացեր տալու հնարավորություն ունենանք: Սենց չի կարելի աշխատել, իմ րոպեներից գնում է», – ասել է Փաշինյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ անց անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին՝ նշելով, որ վարչապետը քաղաքական մասով է խոսել: Նա ասել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում նման իմպերատիվ պահանջ չկա:
«Այստեղ կառավարությունը մեկ դեմքով է հանդես գալիս: Հիմա կոռեկտ չի լինի, որ վարչապետը գա, հարցերին պատասխանի: Մյուս անգամ կհստակեցնենք ու կկազմակերպենք, որ բոլոր զեկուցողներին հարցեր ուղղեք», – ասել է ԱԺ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նշել է, թե ինքն արձանագրում է, որ վարչապետը պիտի մնար ու իրենց հարցերին պատասխաներ, բայց չի մնացել: