Home / Հայաստան / Օսկանյանին չի կարելի հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության. Ռոբերտ Քոչարյան

Օսկանյանին չի կարելի հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուշադրությամբ ծանոթացել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի, իր խոսքով, «գործի» հրապարակված նյութերին և չի կարողացել գտնել գլխավոր հարցի պատասխանը՝ ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածած Քոչարյանի հայտարարության մեջ

«Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է՝ երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանն ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում՝ իշխանության մեջ, այնպես էլ՝ հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:

Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին», – ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովը Վարդան Օսկանյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործում ներգրավել որպես մեղադրյալ: ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրվում է գումարների յուրացման և լվացման մեջ: