Home / Հայաստան / 2011 թվականի բյուջե. խնդիրները լուծված են, վարչապետը գոհ է

2011 թվականի բյուջե. խնդիրները լուծված են, վարչապետը գոհ է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր ԱԺ-ում խոսելով 2011 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվության մասին, նշել է, որ բոլոր պատասխանատու գերատեսչությունները հնարավորություն են ունեցել ԱԺ-ում ներկայացնել 2011 թվականի հաշվետվությունը և պատասխանել պատգամավորների հարցերին: Նրա խոսքով՝ նման քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը ուշադրության կենտրոնում պահել խնդրահարույց հարցերը:

«Մեզ համար արձանագրված համար մեկ խնդիրը կայանում էր նրանում, որ մենք կարողանանք ապահովել տնտեսական շարունակական աճ: Մենք մշակեցինք և իրականացրեցիքն հակաճգնաժամային ծրագիր, որից հետո անցանք արդյունաբերական քաղաքականության իրականացմանը: 2011-ին ունեցանք երկու անգամ ավելի բարձր տնտեսական աճ, քան 2010 թվականին: Կարևոր է,  որ այդ աճի միտումները շարունակվում են այս տարի», – ասել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է, որ անցյալ տարի տնտեսական աճը կազմում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ յոթ տոկոսը:

 

Վարչապետի խոսքով՝ գնաճային ճնշումներն իրենք զսպել են և  այդ կարևորագույն խնդիրը նույնպես լուծված է:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2011 պետական բյուջեի ծախսերը իրականացվում են թափանցիկ ձևով և մինչև վերջին մատիտը և գրիչը  ծախսերը վերահսկելի են:

«Աշխարհի ցանակցած կետից կարող են այցելել կառավարության կայք և տեսնել, թե ինչպես են կառավարության ծախսերը իրականացնում», – ասել է գործադիրի ղեկավարը:

Ելույթի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԺ-ին՝ նշելով, որ այն բոլոր իրականացված ծրագրերը արդյունք են տվել նաև ԱԺ-ի հետ համագործակցության արդյունքում: