ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր լրտեսային սկանդալ է հասունանում: Նյու Յորք քաղաքաի Բրուկլին շրջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 11 անձանց՝ Ռուսաստան ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու մեջ:
ԱՄՆ-ի Դաշնային հետախուզական ծառայությունն (FBI) արդեն հրապարակել է մեղադրյալների անունները: Դրանց թվում են 46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկատ Աբդուլաևը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորիա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսոբիլովը, Դմիտրի Շեգուրովը, 31-ամյա Սևինջ Տագիևան և 31-ամյա Սվետլանա Զագոնը:
Պատասխանատվության են կանչվել նաև Տեխաս նահանգում գրանցված Arc Electronics Inc ընկերությունը և Ռուսաստանում գրանցված Apex System-ը: Նախաքննության տվյալներով, դրանց հիմնադիրն է Ֆիշենկոն, հաղորդում է РБК-ն:
Arc Electronics-ի թոփ-մենեջեր Պոսոբիլովը Նահանգներ Ռուսաստանից է եկել 2001 թվականին, 2008-ին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն: FBI-ի տվյալներով, նա ունի Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիություն: Պոսոբիլովին հրաժարվել են գրավի դիմաց բաց թողնել: Նախաքննությունը կասկած է հայտնել, որ մեղադրյալ կարող փախչել Մեքսիկա, որտեղ Ադրբեջանի դեսպանատունը նրան նոր անձնագիր կտա:
Ֆիշենկոյի խմբին մեղադրում են միկրոէլեկտրոնային դետալների արտահանման մեջ, որոնք գտնվում է «ԱՄՆ-ի կառավարության խիստ վերահսկողության տակ, քանի որ կարող են օգտագործվել բազմաթիվ ռազմական համակարգերում»:
Բոլոր մեղադրյալներին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում, իսկ Ֆիշենկոն կարող է լրացուցիչ 20 տարի ստանալ փողերի լվացման և ևս 10 տարի ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: