Նախորդ ժամանակաշրջանում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր հրապարակային ելույթներում ռևերանսներ էր անում դեպի Ռուսաստան: Այս մասին ասել է ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը՝ պատասխանելով «168 ժամ» պարբերականի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀԱԿ-ը որևէ աջակցություն է սպասում դրսի ուժերից:
Ռուբինյանը նշել է, որ Լևոն Զուրաբյանի կապը ռուսասական ինչ-ինչ շրջանակների հետ նույնպես գաղտնիք չի եղել, և այցելությունները Մոսկվա պարբերաբար են եղել:
Նրա խոսքով ՝ գաղտնիք չէ նաև, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև ինչ-որ դաշինք հնարավոր է, քանի որ դա ասվել է Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից:
«Լևոն Տեր-Պետրոսյանը երկու թե երեք ելույթներ նվիրեց այդ թեմային, որտեղ բաց ձևով ասաց, որ դա հնարավոր տարբերակ է: Շատ քիչ հավանական է, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Համարյա նույն հավանականությունը կա, որ Կոնգրեսը կպաշտպանի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Ուրեմն, երևի, մի այլ ձևաչափ պետք է մտածեն: Չմանրամասնեմ, թե ինչու է դա անհավանական: Ճիշտ է, ինչքան էլ այդպիսի անբարոյական երևությների հանդիպում ենք քաղաքականության մեջ, բայց, միևնույն է՝ շատ արտառոց կլինի, եթե ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը: Եթե վերջինս պաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, նույնպես արտառոց կլինի, որովհետև կստացվի, որ Կոնգրեսի թեկնածուն օլիգարխիայի թեկնածուն է դառնում», – ասել է Ռուբինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչին է սպասում ՀԱԿ-ը՝ լռելով իր թեկնածուի առաջադրման մասին՝ բանախոսը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ը ոչնչի էլ չի սպասում:
«Իսկ լռում է այն պատճառով, որովհետև չի տեսնում որևէ նախադրյալ՝ ընտրվելու կամ պայքարի մեջ մտնելու համար», – ասել է Ռուբինյանը: