ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնող հանձնաժողովի ղեկավար Գրիգոր Ամալյանին հարցրել է, թե ինչ կարելի է անել, որպեսզի հայաստանյան ալիքների եթերում բռնության, ագրեսիայի, էրոտիկայի կադրեր չլինեն, ինչպես նաև չլինեն անճաշակ հաղորդումներ:
«Ձեր հանձնաժողովը, որպես վերահսոկաղական գործառույթ իրականացնող հանձնաժողով, քանի անգամ է իրականացրել տույժ-տուգանք կամ պատժամիջոց նմանատիպ հաղորդումների կամ նմանատիպ ոչ էթիկայի նորմերին համապատասխանող հաղորդում պատրաստելու համար: Որովհետև մենք բոլորս էլ մտահոգված ենք, մենք բոլորս էլ ունենք երեխաներ, մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ օր օրի ավելացող բռնություն կա, ագրեսիա կա»,- հարցրել է Շարմազանովը:
Գրիգոր Ամալյանը պատասխանել է, որ օրենսդրությամբ չափորոշիչների սահմանման իրավասությունները վերապահված է եղել իրենց հանձնաժողովին, սակայն այդ չափորոշիչների մշակումից և որպես նորմատիվ ակտ ընդունումից հետո շատ կարճ ժամկետ անց եղավ մեկ այլ առաջարկ՝ այդ չափորոշիչների սահմանման իրավասությունը վերապահել ԱԺ-ին, այսինքն՝ չափորոշիչների գործողության տևողությունը տևեց շատ կարճ՝ ընդամենը մի քանի ամիս, և իր դիտարկումն այնպիսին էր, որ այդ մի քանի ամիսների ընթացքում, ըստ էության, էֆեկտիվ գործեց, և էապես փոխվել էր օրենսդրությունը:
Շարմազանովն արձագանքելով ասել է, որ այս հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի և կարծում է, որ ԱԺ-ի իր գործընկերները պետք է շահագրգիռ քննարկումներ կազմակերպեն:
«Որովհետև այնուհանդերձ խնդիրը կա, և մենք պետք է նաև հնարավորություն տանք, մանավանդ մատաղ սերնդի ներկայացուցիչները հեռուստատեսության հաղորդումներից ստանան գոնե մեծամասամբ դրական ինֆորմացիա, էլ չեմ ասում ճաշակ, էլ չեմ ասում էթիկայի նորմերին համապատասխան հաղորդումներ»,- ասել է Շարմազանովը: