Այսօր Ազգային ժողովում 2011 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվության մասին նախագիծը քվեարկության դնելուց առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց է բարձրացրել, թե ցանակության դեպքում որ՝ հին, թե նոր կառավարությանը պետք է անվստահություն հայտնել:
Մանուկյանը նշել է, որ բոլորը շատ լավ գիտեին, որ մայիսի 6-ին պետք է կայանային Ազգային ժողովի ընտրություններ և բյուջեի կատարողականի հաշվետվությունը ըստ օրենքի վարչապետի մակարդակով պետք է ներկայացվեր ԱԺ-ին մինչև մայիսի 1-ը, քանի որ 2011 թվականի բյուջեի համար պատասխանատու է այն կառավարությունը, որը եղել է մինչև խորհրդարանական ընտրությունները:
«Ինչու եմ հիմա բարձրացնում այս հարցը: Դերենիկ Դումանյանն (ներկայիս առողջապահության նախարար – խմբ.) այստեղ է, ինքը պատասխանատո՞ւ է Հարություն Քուշկյանի (նախորդ առողջապահության նախարար – խմբ.) աշխատանքների համար, թե՞ Քուշկյանը չի կատարել 2011 թվականի բյուջեն կամ շատ վատ է կատարել:
Ասենք, եթե Տիգրան Սարգսյանը չի այսօրվա վարչապետը, Սարգիս Տիգրանյանն է, այսօրվա վարչապետը 2011 թվականի վարչապետի չարածի համար ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի և ինչպե՞ս պետք է պառլամենտը հրաժարական պահանջի այդ կառավարությունից, եթե նույն թիմը չի: Այսինքն, մենք հիմա կատարում ենք մի քվեարկություն, որը բովանդակային առումով անիմաստ է», – ասել է Արամ Մանուկյանը:
ՀԱԿ-ի խմբակցությունը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը, իսկ նախագիծն ընդունվել է 70 կողմ, 6 դեմ ձայներով: