Չնայած ՀՀ Ազգային ժողովը նախօրեին բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, այնուամենայնիվ, քրեական գործում Օսկանյանը դեռևս ներգրավված չէ որպես մեղադրյալ: Այս մասին «Ժոդովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրվում է գումարների յուրացման և լվացման մեջ:
«Սա նշանակում է, որ քննչական գործողություններն առանձնապես լայն թափով չեն ընթանում. Օսկանյանը դեռ հարցաքննության էլ չի հրավիրվել: Ու տպավորություն է, որ գործող ռեժիմին պարզապես անհրաժեշտ էր աղմուկ բարձրացնել, թե «հանցագործը բռնված է», իսկ գործը նրանց չի հետաքրքրում», – գրում է թերթը՝ նշելով, որ Օսկանյանը ևս չի շտապում գնահատականներ տալ:
«Ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել: Ինչ պետք է, ասվել է արդեն: Ի՞նչ ասեմ», – օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է Վարդան Օսկանյանը: