Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հրանտ Բագրատյանի՝ Կենտրոնական բանկի հաշվետվության գնահատականը վիրավորական համարելով, փորձում է խուսափել բանավեճից: Այս մասին Բագրատյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Նա նկատել է, որ փաստաթղթի համար նախ Կառավարությունը չի պատսախանատու, ուստի իզուր է Սարգսյանը վիրավորվել, և բացի դա, հաշվետվությունը «աղբ» անվանելը վիրավորական չէ, քանի որ դա քաղաքական գնահատական է մի փաստաթղթի, որը նույնիսկ աղբ էլ չէ, ոչ մի բան է:
«Իմ ելույթը քաղաքական չի եղել, խորը մասնագիտական: Կենտրոնական բանկի նկատմամբ արվել է 16 շատ կոնկրետ հարցադրում, Կառավարության բյուջեի նկատմամբ` 9: Ոչ մի պատասխան: Ասում եմ ինչու եք վերցրել 4.7% գնաճը 7.7%-ի փոխարեն, ո՞ր օրենքով: Ինչո՞ւ, օրինակ, դեֆլյատորը հաշվելիս այլ մոտեցում եք ցուցաբերել: Պատասխան չկա: Ասում ենք, եթե գնաճը 7.7% է, իսկ աշխատավարձն աճել է 5.9% (բոլոր թվերը պաշտոնական են), ուրեմն 1.8%-ով վա՞տ ենք ապրում: Ինչպե՞ս կարելի է խոսել աճի մասին: Պատասխան չկա: Ասում ենք` մոտ 2 միլիարդ դոլար պահուստներով գնել եք արժեթղթեր, որոնք վնաս են բերել, ո՞վ է պատժվելու: Պատասխան չկա: Ասում ենք` ֆոնդային բորսան ինչո՞ւ եք տվել ԿԲ-ին ու հիմա այդ բորսան բացակայում է: Պատասխան՝ որովհետև 20 տարի առաջ դուք վաուչերային սեփականաշնորհում եք արել ու տնտեսությունը կենտրոնացրել եք: Կներեք, բայց վաուչերային սեփականաշնորհումը (մի կողմ թողնենք ճիշտ է, թե սխալ) միայն կարող է ցրել, ապակենտրոնացնել և ոչ թե հակառակը: Եվ ինչպե՞ս կարելի է լուրջ հարցերին նման թեթևամիտ պատասխան տալ: Չէ, այս իշխանությունները կարող են միայն խաբել: Օգտվելով առիթից` և վարչապետին, և ԿԲ նախագահին առաջին դեմքի մակարդակով (ինչպես հարիր է նախկին վարչապետին) նորից հրավիրում եմ հեռուստաբանավեճի: Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ», – ասել է Բագրատյանը: