Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ թաղամասի Կարեն-Էփե ազգային ճեմարանի տարածքում անցած գիշեր ընկած չորս ռումբերի պայթյունի հետևանքով զոհվել են հայազգի երկու քաղաքացիներ՝ Հասմիկ Կիրակոսյանը` մոտ 60 տարեկան, և Պարսում Պարսումյանը՝ 75 տարեկան, կան նաև վիրավորներ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Լիբանանյան «Ազդակ» թերթը, իր հերթին, գրել է, որ վարժարանի տարածքում այդ պահին աշակերտներ չեն եղել և հրդեհից հիմնականում վնասվել է վարժարանի տանիքը: Սիրիայի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը թերթին պատմել է, որ Նոր Գյուղ թաղամասում երեկ ռմբակոծության հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վիրավորներ են եղել: