Վարդենիսի տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ 132-րդ (Մարդկանց առեւտուր-թրաֆիքինգ) հոդվածի հատկանիշներով: Այս մասին Epress.am-ին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ինտերնատի տնօրենը՝ Նվեր Հովհաննիսյանը, օգտագործելով իր պաշտոնեկան դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2012 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես, ստիպել է նրանց Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնել:
Հիշեցնենք, որ Ոստիկանության վարույթում է գնվում նաև մեկ այլ գործ՝ նույն ինտերնատի հետ կապված: Ըստ այս գործի՝ ինտերնատում տեղի է ունեցել նաև պետական միջոցների յուրացում:
Ըստ պաշտոնական տվյալների, Հովհաննիսյանն այս տարի ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը՝ պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Նշված երկու հոդվածներն էլ նախատեսում են մինև 8 տարի ազատազրկում: Նշենք, որ խնդրին անդրադառնալու հիմք է հանդիսացել hetq.am կայքի հրապարակումը նշված հանցագործությունների մասին: