Home / Հայաստան / 2013-ի բյուջետային ուղերձում բացակայում է հայ-թուրքական հարաբերությունների մասին տողը

2013-ի բյուջետային ուղերձում բացակայում է հայ-թուրքական հարաբերությունների մասին տողը

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը «copy-paste» է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ` 2011 թվականի ուղերձից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Այնուամենայնիվ, թերթն ընդգծում է, որ որոշ փոփոխություններ կան և դրանցից մեկը «արտաքին քաղաքականություն» բաժնում է:

«2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետևյալ կետը. «Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը»: 2013 թվականի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլևս բացակայում է: Ինչո՞ւ է հանվել՝ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել մեր թղթակիցը: «Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել»,- զարմացել է փոխնախարարը: Երբ թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է, որ «անկախ դրանից՝ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է»: Այսպիսով հարցեր են ծագում` եթե առաջնահերթություն է, ապա ինչու՞ է հանվել, ո՞վ է հանել, և ինչու՞ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից», – գրում է «ՀԺ»-ն: