Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Facebook-ի իր էջում պարզաբանումներ է գրել կապված «New Times»-ին տված իր հարցազրույցի հետ՝ նշելով, որ իր խոսքից որոշ հտվածների բաց թողնելու պատճառով իր արտահայտած միտքը խեղաթյուրվել է և համատեքստը փոխվել:
«Այնպես է ստացվել, իբր ես ասել եմ, թե հայերը այստեղ են ապրում` թեև իրենց հայրենիքը մոտակայքում է: Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են` անկախ իրենց էթնիկ ծագումից: Սա երաշխավորված է Սահմանադրությամբ և իմ անձնական կարծիքն է:
Իսկ ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա ես լրագրողի հարցին հստակ պատասխանել եմ, որ հիացած եմ հայերի և հրեաների տաղանդով, որոնք կարող են լինել աշխարհի քաղաքացիներ և միշտ հաջողակ են` անկախ իրենց գտնվելու վայրից:
Մենք` վրացիներս, տարօրինակ ժողովուրդ ենք, որ ցավոք չենք կարողացել արմատավորվել և ուժեղ Սփյուռք ստեղծել: Այսպիսին է եղել իմ պատասխանի հիմնական կոնտեքստը:Այստեղ ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանը բազմազգ երկիր է և այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքը»,- գրել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ, համաձայն New Time-ի, հարցազրույցում Իվանիշվիլին, խոսելով Ֆրանսիայից Վրաստան վերադառնալու պատճառների մասին, ասել էր.
«Մեր բնավորությունն է այդպիսին: Այ, մեզ մոտ ապրում են հայերը: Ես զարմանում եմ՝ իրենց հայրենիքը կողքն է, իսկ իրենք այստեղ են ապրում: Ջեզ համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես Ֆրանսիայում էի ապրում, մեկ տարի ԱՄՆ-ում, և սկսեցի երազումս իմ գյուղը տեսնել, իմ հողը…»: