Home / Հայաստան / «Դատախազությունը գործարքի է գնացել». բանակում ջրծաղիկից մահացած զինվորի հայրը դժգոհ է դատավարությունից

«Դատախազությունը գործարքի է գնացել». բանակում ջրծաղիկից մահացած զինվորի հայրը դժգոհ է դատավարությունից

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Ամբաստանյալը՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը, ով մեղադրվում է Հայկին բուժօգնություն չապահովելու մեջ, իրեն մեղավոր է ճանաչել և նշել է, որ պատրաստ է, որպեսզի գործը քննվի արագացված կարգով: Հիշեցնենք, եթե այդ որոշումը կայացվի, ապա ամբաստանյալն առավելագույնը կստանա հոդվածով նախատեսված պատժի 2/3-ից ոչ ավելին:

Ամբաստանյալ ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանը ասել է, որ ցավում է կատարվածի համար, սակայն չի ընդունել իր մեղքը: Նրանց մեղադրանք է առաջադրվել 376 հոդվածի 1-ին մասով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս:

Նիստը սկսվել է ուշացումով մեղադրող դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի ուշացման պատճառով: Ապա դատարանը մերժել է նոր դատախազի՝ Մանվել Գրիգորյանի ներգրավման միջնորդությունը՝ պահանջելով ներկայացնել լիազորագիր:

Նիստը մեկնարկել է տուժողի իրավահաջորդի՝ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի հայտարարությամբ, որում ասվում էր, որ քրեական գործը Զինվորական դատախազության կողմից այնպես է կազմվել, որ իրավահաջորդի իրավունքները սահմանափակվել են:

«Մենք զրկվում ենք իրանունքները պաշտպանելու հնարավորությունից, իսկ դատարանը` արդարադատություն իրականացնելու հնարավորությունից: Մենք համոզված ենք, որ դատախազությունը մեղադրյալներից մեկի հետ գնացել է գործարքի, մեկ հոդվածով մեղադրանքը վերացվել է դեռ նախաքննության վերջին փուլում: Բացի դա, դատախազը չի առարկել արագացված կարգ կիառելու ամբաստանյալների միջնորդությանը»,- ասել է Շուշանյանը:

Հիշեցնենք, առաջին դատական նիստի ժամանակ Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությանը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմերի խախտում է: Այդ միջնորդությունը մերժվել է:

Նյութերը քննելուց հետո տուժող կողմը դիմել է քննիչին` ամբաստանյալների մեղադրանքները լրացնելու և նոր մեղադրյալներ հայտնաբերելու համար, այսինքն՝ քննությունը շարունակելու համար: Սակայն այս դիտարկումները հաշվի չեն առել և գործը ուղարկվել է դատարան:

Իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել է նոր գործ հարուցել 376-ի երկրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով) և 130-ի երկրորդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանն ասել է, որ Սահմանադրությունում կատարված փոփոխություններով դատավորը իրավունք չունի գործը հետ ուղարկել քննության, այն պետք է քննի այն մեղադրանքով, որը առաջադրել է քննիչը:

«Ոչ մի միջնորդություն չեն ընդունել: Աներորդուս, կնոջս չեն ներգրավել որպես վկա: Կգնամ նախագահականի դեմը կնստեմ: Ես դեմ եմ էսպիսի խեղկատակությանը: Փողեր են առել տղայիս արյունը խմածներից: Իմ կյանքը կյանք չէ, երբ տղայիս սպանած մարդիկ ազատության մեջ են»,- ասել է Հայկի հայրը՝ Մովսես Խաչատրյանը:

Դատախազը դիմել է կողմին հորդորով, որ եթե ունեն կաշառքի վերցման մասին փաստեր, դիմեն համապատասխան մարմիններին:

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ դուք թեթև մարմնական վնասվածքի գործ եք քննում»,- դժգոհել է Մովսես Խաչատրյանը:

Դատավորը հանձնարարել է հարցաքննության կանչել ևս 17 վկաների, որոնք նախաքննության փուլում չեն հարցաքննվել, այդ թվում՝ Հայկի մայրը, քեռին, հարևանը, նրան բուժող բժիշկները, երկու այլ զինծառայողներ, ովքեր ևս հիվանդ են եղել ջրծաղիկով, սակայն ստացել են այլ բուժհիմնարկ տեղափոխվելու թույլտվություն և ապաքինվել են: