«Ես թքած ունեմ Ֆրունզիկի (Մհեր Մկրտչյան) արձանի պատմության վրա էլ, այդ արձանի մատ պոկել-չպոկելու հետ էլ, քանի որ իմ երկրում 10 մարդ են սպանում ու ձայն հանող չկա, իմ երկրում զինծառայող են սպանում, ձայն հանող չկա, իսկ երբ Ֆրունզիկի արձանի մատնն են կոտրում մի մեծ ոռնոցա սկսվում: Անշառ գործա էլի…»
Նման մեկնաբանությամբ Facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես եկել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Գուրգեն Ասատրյանը՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի հրապարակում Մհեր Մկրտչյանի արձանի կոտրելու փաստին: Նրա այս մեկնաբանությունը վերջին շաբաթվա ընթացքում քննադատության առարկա է դարձել: Հիշեցնենք, որ արձանը կոտրել էին 10 օր առաջ, ինչն էլ բուռն քննարկման առարկա էր դարձել սոցիալական ցանցերում:
Epress.am-ի հետ զրույցում Գուրգեն Ասատրյանը նշել է, որ արձանը կոտրելն իսկապես վանդալիզմ է:
«Մեր հասարակությունը հասավ նրան, որ արդեն արձան են ջարդում, որ արվեստագետի արձան են պղծում», – ասել է մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, հիմնավոր համարելով իր մեկնաբանությունը:
ՀԱԿ ակտիվիստի խոսքով,եթե այս երկրում չեն հարգվում մարդու իրավունքներն ու ազատությունները, եթե քաղաքացու կյանքը գրոշի արժեք չունի՝ մնացած բոլոր խնդիրները զրոյական են և հենց այս խնդիրների ենթատեքստում է ծնվում ամենաթողությունը:
«Եվ այդ քննադատողներին կասեմ նաև, որ եթե ձեր իրավունքներն ու ազատություններն էլ մի օր բռնաբարեն, ես գալու եմ պայքարեմ ձեր ազատության համար: Ինձ համար հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների հանդեպ վերաբերմունքով: Ինչքան հարգում ես օրենքներն ու Սահմանադրությունը՝ այքան սիրում ես քո երկիրն ու պետությունը, ոչ մի այլ բան գոյություն չունի», – ասել է Գուրգեն Ասատրյանը:
Նրա խոսքով` սոցիալական ցանցի իր էջում հայտնած կոշտ դիրքորոշումը քննադատողները տանը նստած հայրենասիրական գրառումներ են կատարում, բայց չեն հասկանում, որ երբ ինքը գնում է զոհված զինծառայողների մայրերի հետ արդարություն պահանջելու, նրանք այնտեղ չկան:
«Իրենք հաղթանակներից են խոսում, Արցախից են խոսում, վեհ-վեհ գաղափարներից են խոսում, բայց երբ Արցախյան հերոսամարտի հերոսները՝ Սասուն Միքայելյանը, Մյանսիկ Մալխասյան, տասնյակ ազատամարտիկներ այս իշխանության պարագայում հայտնվեցին ճաղերի հետևում, իրենք ոչ մի ձայն չբարձրացրին: Իսկ երբ այսպիսի թեմաներ են լինում, սրանք սկսում են աշխուժանալ: Այն մթնոլորտը, որ ազնիվ մարդիկ ստեղծում են պայքարելով, փորձում են շեղել»,- ասել է Գուրգեն Ասատրյանը:
Ասատրյանը նշել է, որ իրեն հատկապես քննադատում են հարցը քաղաքականացնելու համար, սակայն հենց քաղաքականացնելը կարևոր է համարել:
ՀԱԿ ակտիվիստը չի բացառել, որ Հայաստանում արձանը դիտավորյալ կարող են կոտրել՝ դա քննարկման առարկա դարձնելու և մարդկանց ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու համար:
«Բայց ես համոզված եմ, ու բոլորս էլ համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը, իր կառավարությունը, իր իշխանությունը մեկ օր ավել պահելու համար պատրաստ է յուրաքանչյուր քայլի: Ինքը մարտահրավեր է նետել մեզ՝ քաղաքացիներիս: Ինքը հիմա սկսել է իր յուրայիններին խժռել և ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն իր մարդկային կերպարով այնպիսինն է, որ իր իշխանությունը մեկ օր ավել պահելու համար իր եղբայր Սաշիկին (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյան – խմբ) անգամ ճաղավանդակների հետևում կտեսնի, միայն թե ինքը նորից Բաղրամյան 26-ում (ՀՀ նախագահի նստավայր- խմբ.) հայտնվի», – ասել է Գուրգեն Ասատրյանը:
Ի հավելումն՝ ՀԱԿ ակտիվիստն ասել է, որ հայհոյողներին ու քննադատողներին ինքը ուշադրություն չի դարձնում՝ նրանց համարելով «լոլիկ շպրտող հատված, ինքնահաստատվող ինչ-որ շրջանակ», որոնք իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում:
«Ես գիտեմ ինչ եմ անում, ես գիտեմ ինչի եմ համար եմ անում, ու ես ապրելու եմ այն Հայաստանում, որի մասին երազում եմ: Նման մարդիկ փորձում են դժվարություն ստեղծել, բայց ես պատրաստ եմ դժվարություն հաղթահարել հանուն այն Հայաստանի, որը երազում եմ»,- նշել է Գուրգեն Ասատրյանը:
Լուսանկարը՝ armeniatv.am