Վարդան Օսկանյանը միացել է երեք միլիոնից ավելի այն քաղաքացիներին, ովքեր անձեռնմխելիություն չունեն, դրա մեջ զարմանալու կամ տխրելու առիթ չկա: Այսպիսի կարծիք է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործում որպես մեղադրյալ ճանաչելու հարցին:
Ըստ բանախոսի` պետք չէ հիշատակել, որ Օսկանյանը արտգործնախարար է եղել 10 տարի, քանի որ օրենքի առջև բոլորն են հավասար: Հայրիկյանը հարկ է համարել հիշեցնել, որ հենց Օսկանյանի նախարարի լինելու տարիներին հետապնդումներ ևս եղել են, օրինակ, հետապնդվել է արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Հայրիկյանի խոսքով՝ չի կարելի Օսկանյանի դեմ հարուցված գործը համարել քաղաքական հետապնդում, քանի դեռ Օսկանյանի դեմ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոցը:
«Ավելին, Օսկանյանը պետք է ուրախանա, որ դատարանի միջոցով կապացուցի իր անմեղությունը: Օսկանյան նոր է դարձել քաղաքական գործիչ, որևէ քաղաքական ներդրում չի ունեցել մեր կյանքում: Մինչ այս միայն պետական պաշտոն է զբաղեցրել: Ես նրան ճանաչում եմ վաղուց, երբ լրագրող էր և հարցազրույց էր վերցնում: Եթե նա ազգային արժեքները կրող մարդ էր, կարող էր միանալ անկախության պայքարին այն ժամանակ: Չեմ կարծում, որ Օսկանյանի դեմ գործը կապ ունի նրա նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության հետ: Չեմ ուզում խորանալ այդ գործի մեջ, դրա համար դատարան կա», – ասել է Պարույր Հայրիկյանը: